Հայաստանի պետական ջազ-նվագախումբը «Ռետրո ջազ» համերգին կհնչեցնի 20-րդ դարի գոհարները
КультураՀայաստանի պետական ջազ-նվագախումբը փետրվարի 19-ին Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում հանդես կգա «Ռետրո ջազ» խորագրով համերգով։
Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ սպասվում է երաժշտական ճանապարհորդություն դեպի 20-րդ դարի առաջին կես՝ մեծ ջազ-նվագախմբերի ոսկե ժամանակաշրջան: Կհնչեն Դյուկ Էլինգտոնի, Գլեն Միլլերի, Թոմի Դորսիի, Քաունթ Բեյսիի, Արտեմի Այվազյանի ստեղծագործությունները:
Նվագախումբը գրեթե մեկամյա համավարակային դադարից հետո այս համերգներով վերսկսում է թեմատիկ համերգների շարքն իր բազային՝ Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում։ Մինչ այդ նաև փորձել են հանդիսատեսի հետ կապը պահել առցանց ելույթների միջոցով՝ հանդես գալով փոքր կազմերով և պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները։ Այժմ ստեղծվել է մեծ կազմով հանդես գալու հնարավորություն, և քրտնաջան աշխատելով ու փորձեր իրականացնելով՝ կազմել են այս համերգի ծրագիրը։