Ե՞րբ են Երևանի քաղաքապետարանում վերջին անգամ պարգևավճար ստացել․ «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
Իշխանավորները շատ են «նեղվում», թե իրենց ճոխ պարգևավճարների թեման դարձել է «մատի փաթաթան», սակայն ակնհայտ է, որ աղքատ պետության մեջ նման խոշոր ինքնապարգևատրումները, մեղմ ասած, չեն կարող երկրորդական լինել ու անտեսվել: Ավելին, որոշ գերատեսչություններ պարգևավճարներ են բաժանել նույնիսկ պատերազմից հետո: Ակտիվ խոսակցություններ են շրջանառվում, որ այդպիսի պարգևատրումներից զերծ չէ նաև Երևանի քաղաքապետարանը: Դիմեցինք քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանին հարցով, թե արդյոք անցած տարվա սեպտեմբերից հետո ու նաև այս տարի քաղաքապետարանում պարգևավճար տրվե՞լ է, ու եթե այո, ապա որքա՞ն: Նա նշեց, որ Երևանի քաղաքապետարանին վերաբերող պարգևավճարները առանց բացառության հրապարակվում են Yerevan.am կայքում։
«2020 թվականի հուլիսից սկսած՝ Երևանի քաղաքապետարանում աշխատավարձին հավասարեցված եռամսյակային պարգևավճարներ, այսինքն՝ հավելավճարներ, չեն եղել»,- ասաց Կարապետյանը։ Ինչ վերաբերում է մինչև սեպտեմբեր պարգևավճար ստացածներին, ապա, ըստ Հակոբ Կարապետյանի, խոսքը վերաբերում է ընդամենը մի քանի պաշտոնյայի, որոնք նախապես դիմում էին գրել, որ եռամսյակայինները ստանան ամիսը մեկ, ոչ թե ամեն եռամսյակի վերջում։ Այսինքն՝ այստեղ զուտ տեխնիկական հարց է: «Այնպես որ, հստակ կարող ենք փաստել, որ հուլիսից Երևանի քաղաքապետարանում պարգևավճարներ չեն եղել, իսկ մինչև սեպտեմբերը ներառյալ պարգևավճար է ստացել մի քանի պաշտոնյա»,- ամփոփեց քաղաքապետի մամուլի քարտուղարը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում