Ներկայում գտնվում ենք 2016-17 թվականների իրավիճակում. Ալեքսանդր Իսկանդարյան
Интервью Այն ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, «Կովկասի» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ էլիտաների պայքարն է, որոնք հեղափոխությունից հետո սկսեցին ներքին պայքարը, իսկ հիմա որոշել են ակնհայտ պայքար մղել միմյանց դեմ: «Դա բնական պրոցես է, քանի որ հեղափոխության միջոցով իշխանության եկած ուժերի և նախկին ուժերի միջև պայքարը, սովորաբար, շարունակություն է ունենում:
Ինչ վերաբերում է երկրի անվտանգային հարցերով զբաղվող ուժերի նեսում տեղի ունեցող պրոցեսներին, ապա այդ ոլորտներում մինչ այս հակասությունները ջրի երես դուրս չեն եկել, չնայած, որ այդ ամենը նույնիսկ անզեն աչքով էր երևում: Այսինքն ներքին պայքար թեև կար, բայց, այնուամենայնիվ, ներքին հակասությունները արտաքին աշխարհ դուրս չէին գալիս: Պատերազմը, բնականաբար, սրեց այդ հակասությունը և ավելի ակնհայտ դարձավ, որ զինվորականները իշխանությունների հանդեպ բավական ինքնատիպ մոտեցում ունեն:
Ի դեպ, նույն վերաբերմունքն էր նաև իշխանությունների վերաբերմունքը զինվորականների հանդեպ, բայց մինչև վերջին օրերը երկու կողմերը փորձում էին դրանք ցույց չտալ»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց Ա. Իսկանդարյանը: Քաղաքական վերլուծաբանի դիտարկամամբ, ինչ վերաբերում է «Իսկանդերի» շուրջ ծագած Սարգսյան-Փաշինյան փոխհրաձգությունը, ապա դա ընդամենը առիթ էր, չնայած որևէ կապ չուներ զենքի ռուսական արտադրանք լինելու և այլ մեկնաբանությունների հետ, սակայն դարձավ զինվորական շարժիչը գործի դնելու ձգանը:
«Միմյանց հասցեին հնչեցված մեղադրանքները որևէ կապ չունեին ո՛չ ռուսական զենքի տեխնիկական, որակական և այլ հարցերի հետ, ո՛չ էլ ռազմավարական փոխհարաբերությունների հետ: Դա ընդամենը քաղաքական բանավեճ էր, որը նաև ձգան դարձավ, բանակին այդ բանավեճի մեջ ներքաշելու համար: Սակայն, մենք դեռ գտնվում ենք իրադարձությունների կիզակետում և պարզ է, որ այս ընթացքում իրավիճակն է՛լ ավելի չսրելու և լիցքաթափելու համար բարդ բանակցություններ են ընթանում:
Այնուամենայնիվ, այն ինչ տեղի է ունենում կանխատեսելի էր և կարող է ավելի խորանալ ներգրավելով այլ ոլորտներ ևս, քանի որ մենք, ցավոք հիմա գտնվում ենք 2016-17 թվականների իրավիճակում, երբ թուլացած էր թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը»,- ասաց Ա. Իսկանդարյանը:
Արմինե Գրիգորյան