Մենք գլորվում ենք դեպի քաոս. Ազատ Արշակյան
Интервью Քաղաքական հասարակական գործիչ Ազատ Արշակյանի կարծիքով, եթե ժամանակին բացահայտվեին մարտի 1-ի մեղավորները, ապա այսօր Հայաստանն ավելի ինստիտուցիոնալ երկիր կլիներ, քանի որ դրա չբացահայտումը երկիրը հետ մղեց նորմալ զարգացումից: «Զարգացման որոշ պրոցոսների սաղմեր սկսել էին երևալ, բայց դրանք չտվեցին այն արդյունքը, որին սպասում էր ժողովուրդը:
Մարտի 1-ի ջարդը ոչ միայն երկիրը հետ մղեց, այլև թողեց իր հետևանքները: Ունենալով խոցված, թուլացած իշխանություն ունեցանք նաև չկայացած քաղաքական համակարգ: Եվ թուլացած իշխանությունը դարձավ արտաքին աշխարհից կախված ու գնաց երկիրն ավելի թուլացնելու ճանապարհով: Դրա պատճառն այն է, որ մենք ամբողջությամբ չենք նվիրվում մեր երկրին, մեր խնդիրների լուծմանը և մեր ինքնության պահպանմանը:
Այս առումով, ես կարծում եմ, որ մարտի 1-ը նաև կարելի է ինքնության ջարդ համարել»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց Ա. Արշակյանը: Նրա դիտարկամբ՝ այն ինչ այսօր տեղի է ունենում ոչ թե քաղաքական ճգնաժամ է, այլ՝ պետական: Դրա պատճառն այն է, որ երկիրը հիմնված է եղել կոռուպցիայի վրա: Եվ եթե այսօր քանդվում է կոռուպցիոն համակարգը, ապա ինստիտուտները ինքնիրեն սկսում են ինքնաքանդվել: Ուստի պայքարը այդ համակարգը պահպանելու համար է, ոչ թե ժողովրդավարական ճանապարհով երկիրը զարգացման տանելը: «Պետք է լինի մի ինստիտուտ, որը Հայաստանը դուրս կբերի այս իրավիճակից, քանի որ մենք գլորվում ենք դեպի քաոս: Այս ամենին պետք է վերջ տրվի, հակառակ դեպքում մենք կկորցնենք մեր պետականությունը»,- ասաց Ա. Արշակյանը:
Արմինե Գրիգորյան