«Փաշինյանը կոկորդ էր ճղում, թե բանկերի տոկոսները կսառեցնենք, պարտքերը կզրոյացնենք. ի՞նչ արեցին այդ ուղղությամբ»․ «Փաստ»
Экономика«Փաստ» օրաթերթը գրում է
Եղանակային կտրուկ փոփոխություններն առաջին հերթին ստիպում են անհանգստանալ՝ ի՞նչ է սպասվում գյուղոլորտում: Արդյո՞ք բերքը կվնասվի, կլինի՞ ցրտահարություն, թե՞ ոչ: «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը նշում է, որ առայժմ անհանգստանալու կարիք չկա:
«Դեռ որևէ վտանգ չենք տեսնում: Հնարավոր է՝ լինի ծիրանի ցրտահարություն, ժամանակը ցույց կտա: Տարին իր հունով է գնում, չնայած գյուղատնտեսական առումով մի քիչ ուշացել է՝ մոտ տասն օրով: Մարտ-ապրիլ ամիսներին՝ պտղատու այգիների բողբոջելուց հետո, եթե ցրտահարություն չլինի, կարծում եմ՝ պտղի բերքի հետ էլ խնդիր չենք ունենա: Գյուղատնտեսական տարվա ուշանալը կարող է ցրտահարության վտանգի պատճառ լինել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բերբերյանն՝ ընդգծելով, որ այդ դեպքում վտանգավոր գոտում ծիրանի բերքը կլինի:
Նշում է՝ միամյա կուլտուրաների համար բավականին հաջող տարի է, լավ տարի է նաև ցորենի համար: Գնաճը Հայաստանում ներթափանցել է բոլոր ոլորտներ, այդ թվում՝ նաև գյուղմթերքի շուկա: Որոշ դեպքերում այն «արդարացվում է» ներմուծման փաստով, ասում են՝ թանկացել է տրանսպորտը, գները բարձրացել են միջազգային շուկայում, մյուս դեպքում պատճառաբանվում է սեզոնային բնույթով, մեկ այլ դեպքում՝ երկրի տնտեսական վիճակով: Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալների համաձայն, 2021 թ.-ի փետրվարին 2020 թ.-ի փետրվարի համեմատ Հայաստանում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 7,8 տոկոս, իսկ 2021 թ.-ի հունվարի համեմատ՝ 0,6 տոկոս գնաճ:
Բանջարեղենի ապրանքախմբում 2021 թ.-ի փետրվարին 2020 թ.-ի փետրվարի համեմատ արձանագրվել է 13,1 տոկոս, իսկ 2021 թ.-ի հունվարի համեմատ՝ 2,9 տոկոս գնաճ: Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021 թ.-ի փետրվարին 2020 թ.-ի փետրվարի համեմատ արձանագրվել է 13,1 տոկոս, իսկ 2021 թ.-ի հունվարի համեմատ՝ 0,3 տոկոս գնաճ: Մրգի ապրանքախմբում 2021 թ.-ի փետրվարին 2020 թ.-ի փետրվարի համեմատ արձանագրվել է 8,3 տոկոս գնաճ, իսկ 2021 թ.-ի հունվարի համեմատ` 3,3 տոկոս գնանկում: Բերբերյանը նշում է՝ այս գնաճը նորմալ չէ:
«Եթե Կենտրոնական բանկն արժեզրկում է հայկական դրամը, բնական է՝ կունենանք նաև գնաճ: Մի երկու սարսաղ նախարար ունենք, ասում էին՝ միջազգային տրանսպորտի գները թանկացել են: Նման բան չկա: Մենք ուսումնասիրել ենք գնացուցակը, և, օրինակ՝ Փոթիից Հայաստան տրանսպորտի գինը 100 դոլարով էժանացել է: Խոսքը մեկ մեքենայի մասին է: Գնաճի հիմնական պատճառը դրամի արժեզրկումն է, ցանքատարածությունների պակասեցումը, անասնագլխաքանակի անկումը: Թող մտածեն տնտեսությունը զարգացնելու, ոչ թե ամբախ-զամբախ խոսելու մասին»,-ընդգծում է մեր զրուցակիցը:
Այն, որ գյուղմթերքի բարձր գնին «նպաստում են» նաև վերավաճառողները, նորություն չէ: ՀԿ-ի նախագահը նշում է՝ այդ համակարգն այդպես էլ չբարեփոխվեց: «Մի տգետը փոխարինեց հաջորդին, այդպես էլ բարեփոխված համակարգ չունեցանք, որ միջնորդ առևտրային կազմակերպություններին իրենց տեղը դներ: Այդպես էլ չունեցանք գյուղմթերքի մեծածախ շուկա: Մենք ոչ թե լուրջ խնդիրներ ունենք, որոնք չենք կարողանում լուծել, այլ ուղղակի մարդիկ չեն հասկանում անգամ, թե պարզ խնդիրներն ինչպես լուծեն»,-ասում է Բերբերյանը: Նշում է՝ արոտավայրերի խնդիրը շատ է ազդելու կենդանիների գլխաքանակի վրա:
«Արդեն իսկ ազդել է: Մեր ունեցած տվյալներով՝ մոտ 150 հազար ոչխար է մորթվել: Խոշորի գլխաքանակի վրա էլ կազդի: Պետք է քրտնաջան աշխատել: Ունենք անմշակ հողեր: Դրանք մշակելու համար ուղեղ է պետք, բայց այսօրվա բլոկն այդ ունակությունը չունի: Ես ասօր կասեմ, թե ինչ է պետք անել, վաղը կառավարության նիստին թութակի պես իմ ասածը կկրկնեն, բայց հետո չեն կարողանում իրագործել, ձախողում են, քանի որ իրենց խելքի բանը չէ»,-հավելում է մեր զրուցակիցը: Ասում է՝ կա ծրագիր, իրագործող է պետք:
«Երեք-չորս տարի է՝ ասում եմ, որ բանկերին մի ֆինանսավորեք, գյուղացուն տվեք գումարը: Բայց իրենք բանկերին են հարստացնում: Գուցե մեծ շահույթ ունե՞ն դրանից: Հազար անգամ ասացինք՝ սուբսիդավորման տարբեր ձևեր կան, պետությունը պետք է գյուղացու հետ աշխատի: Ինչո՞ւ են բանկերին միջնորդ դարձնում: Այդ նույն բանկերն են ժողովրդին այս օրը գցել: Երեք տարի առաջ Նիկոլ Փաշինյանը կոկորդ էր ճղում, թե բանկերի տոկոսները կհանենք, կսառեցնենք, պարտքերը կզրոյացնենք: Ո՞ւր է, ի՞նչ արեցին այդ ուղղությամբ: Առաջինը գյուղացուն հարվածեց՝ գյուղնախարարությունը փակելով»,-եզրափակում է Հրաչ Բերբերյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում