«Նիկոլիզմը, նիկոլականությունն աղանդ է. այդ մարդուն և նրա թիմին մերժելու և հեռացնելու ճանապարհը»․ «Փաստ»
Культура«Փաստ» օրաթերթը գրում է
Հայաստանը գնում է դեպի արտահերթ ընտրություններ: Որպես քաղաքացի մեզ համար կարևոր է անվտանգության զգացողության վերականգնումը, հասարակության առողջացումը, որը երբեք այսքան պառակտված չի եղել: Հրապարակային ելույթները վկայում են այն մասին, որ պառակտումը գնալով ավելի է խորանում, միտում կա մեղավորության զգացումը դնել հավասարապես բոլորի վրա: Հասարակության հաշտեցման, առողջացման նշույլներ անգամ չկան:
Բանաստեղծ Հուսիկ Արան նշում է՝ հասարակությունը վերջին երեք տարում բևեռացվեց: «Բաժանվեց երկու ընդդիմադիր բևեռների՝ թշնամական, մեկ-մեկու չհանդուրժող: Ներկա իշխանություններին հաջողվեց սևերի ու սպիտակների, հեղափոխականների և հակահեղափոխականների բաժանել հասարակությանը: Կարծում եմ՝ մեր մեջ երբեք այսքան ոխերմորեն միմյանց հոշոտելու ցանկություն, այսքան ատելություն, անհանդուրժողականություն չի եղել: Բնական է՝ նման բաներ եղել են, բայց դա կատարելության հասցվեց՝ ուղղակի ամեն օր սրվելով երկրի առաջին դեմքի՝ Նիկոլի կողմից»,«Փաստի» հետ զրույցում ասում է Հուսիկ Արան:
Ընդգծում է՝ անցած երեք տարում իշխանություններին հաջողվեց ոչնչացնել մեր արժեհամակարգը: «Պատերազմի հերոսներին սկսեցին դատել, եկեղեցու դեմ դուրս եկան, պատմության դասագրքերից սկսեցին սրբագրել հայ-թուրքական խնդիրները և այլն: Հաջորդիվ գյուղատնտեսության, մշակույթի և սպորտի նախարարություններն օպտիմալացվեցին: Տեսեք՝ երեք կարևոր թիրախի հարվածեց Նիկոլը: Նա սկսեց կամացկամաց ոգին հանձնել: Մենք նախ՝ ոգին հանձնեցինք, հետո Արցախը: Եթե երեք տարի առաջ բացառում էինք Արցախի զիջումը, հիմա կորցնելուց հետո, դժբախտաբար, մեր հասարակության մեջ կա մի շերտ, որն ուրախ է դրա համար: Եթե պատրաստվում է քվե տալ Փաշինյանին և նրա թիմին, ուրեմն, նաև այս ամբողջի՝ Արցախի հանձնման, ատելության պատասխանատվությունն է վերցնում իր վրա: Նիկոլը հիմա գնում է լեգիտիմացման: Նա փորձում է վերընտրվել և այդ ճանապարհով մաքրվել մեղքերից: Դրա կրողը դառնում է ժողովուրդը: Պատմության դատաստանի առջև կանգնում է ոչ թե ինքը, այլ ժողովուրդը: Եթե երեք տարի առաջ չգիտեինք, որ ամեն ինչ այսպես է լինելու, հիմա տեսնում ենք, թե ինչ տեղի ունեցավ: Ասում ենք՝ 2018 թվականին ժողովուրդը խաբվեց, գնաց ընտրեց և այլն, բայց հիմա խաբվելու հարց չկա: Եթե նրան քվե ենք տալիս, լեգիտիմացնում ենք այն ամենը, ինչ տեղի ունեցավ, վերցնում ենք մեզ վրա, ասում, որ համաձայն ենք, մենք ենք դա արել»,-նշում է մեր զրուցակիցը:
Ընտրությունների ժամանակ նրանց քվե տալով` նաև ապագայի համար ենք քվե տալիս: «Կդառնանք ինչ-որ թուրքական վիլայեթ կամ ճանապարհ Ադրբեջանի և Թուրքիայի միջև: Մենք նաև դրան ենք քվե տալիս: Այսօր ունենք նման աննորմալ իրավիճակ: Այո, ժողովրդին այս ողբերգության մեջ չեն տանում ընտրությունների, դա հանցագործություն է: Մարդիկ շոկի մեջ են, շատերը դեռ զոհված տղաների աճյունները չեն գտել, մեր ռազմագերիները հայրենիք չեն վերադարձել, հասարակության մեջ հոգեկան հանգստություն չկա: Այս վիճակով ընտրությունների չեն գնում: Բայց սա նաև չարյաց փոքրագույնն է, որովհետև այլ տարբերակ չկա: Այդ մարդը չի հեռանում և վերջ: Պարտությունից և փաստաթղթի ստորագրումից, որևէ խոստում չկատարելուց և ամեն ինչ քանդելուց, բոլոր ասպարեզները քանդուքարափ անելուց հետո նա պետք է հեռանար: Այդ մարդիկ անկարող են անգամ մեկ ասեղ թելել: Հիմա ընտրություններն են այդ մարդուն և նրա թիմին մերժելու և հեռացնելու ճանապարհը:
Պետք է գա ազգային մի ուժ, որը չի ոչնչացնի արժեքները, տեր կկանգնի դրանց: Այո, հնարավոր է բանակցային խաղաղ ճանապարհով Շուշին և Հադրութը հետ բերել, վերականգնել Սյունիքի սահմանները: Եթե անգամ սա չանի, գոնե եղածը պահպանի: Թուրքը երբեք չի բավարարվելու, նրան երբեք չես կարող վստահել: Սահմանը բացելու մասին պետք է խոսել միայն այն ժամանակ, երբ քո տնտեսությունն ու անվտանգությունը պատրաստ կլինեն դրան: Ոչ թե այս վիճակում, երբ Ալիևն ասում է՝ ինչո՞ւ չվերադառնանք Զանգեզուր, Երևանը մերն է և մնացած ամեն ինչն էլ մերն է: Այս մարդն էլ պատրաստ է դրան, ոչ մի բառով չի հակադարձում այս հայտարարություններին: Ալիևն ինչոր փողային գործարքի մասին է խոսում, կրկին նրան չեն հակադարձում, վեց ամսում կարողացավ միայն չորս տող ոտանավոր արտասանել»,-ասում է բանաստեղծը: Հավելում է՝ պետք է այս կարճ ժամանակահատվածում հասկանանք, թե ում ենք տալու մեր քվեն: «Այսօր մեր ինքնիշխանությունն է վտանգված: Այլևս անկախ ու ինքնիշխան չենք: Այդ մարդը Սյունիքում ռուս սահմանապահի ուղեկցությամբ է ճանապարհն անցնում, սա խայտառակություն է: Ու կա ինչ-որ զանգված, որ ասում է՝ նրան է ընտրելու: Նիկոլն աղանդ ստեղծեց, նիկոլիզմը, նիկոլականությունը աղանդ է: Մենք այսօր աղանդի մեջ ենք»,-եզրափակում է բանաստեղծ Հուսիկ Արան:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում