Զավթած հողերը «փաթեթավորելու» համար թղթի պահանջ. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
«Նվիրիր նրան ամբողջ երկիրը, և նա դեռ փաթեթավորելու թուղթ էլ կպահանջի»
Ժուլիեն դե Ֆոլկենարե
Վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրքական «Anadolu» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի հիմնական օրենքը պետք է փոխել, քանի որ ներկայիս խմբագրությունը պարունակում է տարածքային պահանջներ Թուրքիայի նկատմամբ: «Ինչպե՞ս կարող է թույլ և ամբողջովին քանդված Հայաստանը տարածքային պահանջներ ներկայացնել այնպիսի հզոր երկրի, ինչպիսին Թուրքիան է: Դա նման է հոգեկան հիվանդության: Հետևաբար, նրանք պետք է հրաժարվեն դրանից», - ասել է նա:
Հավանաբար, խոսքը Սահմանադրության 21-րդ հոդվածի 2-րդ կետի մասին է. «Հայաստանի Հանրապետության զինանշանն է. կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյան տապանով, և պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները»: Ինչպես ասում են, տեղ հասանք…
Թշնամական երկրի մինիսուլթանը արդեն «զավթած հողերը փաթաթելու համար թուղթ է պահանջում»: Լրիվ սպասելի է, որ նա մոտ ապագայում նաև ադրբեջաներենը Հայաստանում պաշտոնական լեզու հայտարարելու պահանջ հնչեցնի (դե, Հայաստանի սահմանների մուտքերին մարդիկ պետք է, չէ՞, շփվեն ադրբեջանցի մաքսայինների ու ոստիկանների հետ): Գուցե նաև Թուրքիայի առաջնորդը, որպես Հայաստանի ղեկավարի հետ հանդիպման նախապայման, կամ էլ կայանալիք հիպոթետիկ հանդիպման ժամանակ նման պահանջ առաջ քաշի՞: Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի մինիսուլթանի խոսքերը հենց Թուրքիային էլ ուղղված են (չմոռանանք, որ նա հարցազրույց էր տալիս թուրքական Anadolu լրատվական գործակալությանը), այսինքն, Էրդողանին հիշեցնում էր, որ չմոռանա դա էլ պահանջել Փաշինյանից: Այդ ամենին, իհարկե, կարելի էր ուշադրություն չդարձնել:
Բայց… մենք ապրում ենք մի այնպիսի երկրում (ավելի շուտ՝ մի այնպիսի իշխանության առկայությամբ), որտեղ ցանկացած անհնարինը կարող է ակնհայտ դառնալ:
«Անհնարինն ակնհայտ» դառնալու օրինակները բազմաթիվ են. պետության ղեկավարի կոչով դատարանների շրջափակում, օրենքի տեսքով կաշառքի առաջարկ Սահմանադրական դատարանի դատավորներին, առանց գյուղնախարարության ագրարային երկիր, առանց սպառազինության մարտական ինքնաթիռների գնում, «մեր պարտությունը մեր հաղթանակն է» կարգախոս, թշնամիներով շրջապատված երկրում ծառայության ժամկետի կրճատում և այլն, և այլն…
Ես բոլորովին չեմ զարմանա, եթե ապագա սահմանադրական փոփոխությունների փաթեթում (որի անհրաժեշտությունը, ի դեպ, արդեն հայտարարվել է իշխանության կողմից) ներառված լինի նաև նման հարց: Դա կարող է լինել չգովազդվող, աննկատելի, լղոզված, ընդամենը մի քանի բառի փոփոխության տեսքով, օրինակ՝ Արարատ բառը փոխարինել Մասիս բառով, կամ էլ ավելի մասշտաբային և գովազդվող, օրինակ՝ փոխել Հայաստանի զինանշանը: Վերջին դեպքում երևակայության մեծ թռիչք կլինի. չէ՞ որ զինանշանում պետք է արտացոլվի «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը», օրինակ՝ սրի փոխարեն կառուցած ասֆալտապատ ճանապարհի տեսքով: Ինչո՞ւ չէ, ամեն ինչ հնարավոր է…
Սրանցից ամեն ինչ սպասելի է: Վերջում ուղղակի իրեն մեծ ռազմական ստրատեգ պատկերացնող Իլհամ Ալիևին որպես հիշեցում ներկայացնենք Ալեքսանդր Մակեդոնացու խոսքերը. «Ինչքան շատ ես դու ունենում, այնքան ավելի մեծ ագահությամբ ես ձգտում նրան, ինչը չունես, պատերազմը քո մոտ ծնվում է հաղթանակներից»: Իսկ, ինչպես հայտնի է, ոչ մի պատերազմում ոչ մեկը ոչ մեկին պարտությունից չի ապահովագրում, անգամ եթե դա քեզ համար այնպիսի «եղբայրական» երկիր է, ինչպես Թուրքիան:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում