Սահմանադրական փոփոխությունն ու ՀՀ մարտահրավերները
АналитикаՕրերս հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դեռևս փետրվարի 12-ին ստեղծված Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կլուծարվի, որի փոխարեն կստեղծվի սահմանադրական բարեփոխումների խորհուրդ: Ըստ որոշման՝ խորհուրդը կնախագահի ՀՀ արդարադատության նախարարը, որը մեկամսյա ժամկետում կկազմի և վարչապետի աշխատակազմ կներկայացնի սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման, խորհրդի անհատական կազմն ու գործունեության կարգը հաստատելու և Փաշինյանի 2020 թվականի փետրվարի 12-ի որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման նախագիծը:
Մի բառով ասած՝ Փաշինյանը որոշել է փոխել Սահմանադրությունը։ Ըստ էության, այդ ամենն ամենևին չի նշանակում, թե նրան իր ներկայիս սուպերվարչապետական համակարգը, որի քննադատությամբ, որպես ընդդիմադիր գործիչ, զբաղվել է տարիներ շարունակ, այլևս չի բավարարում, և Փաշինյանը՝ հանուն ժողովրդավարության, որոշել է փոխել այն, բնավ, պարզապես նա նոր սահմանադրությամբ փորձելու է լուծել միանգամից երկու խոշոր խնդիր՝ ներքաղաքական և արտաքին քաղաքական։
Ինչպես քանիցս գրվել է մամուլում՝ նոր Սահմանադրությամբ, Նիկոլն, ամենայն հավանականությամբ, անցում է կատարելու կառավարման կիսանախագահական համակարգին՝ դրանում իրեն, բնականաբար, վերապահելով երկրի նախագահի պաշտոնը։ Գլոբալ առումով, դա առանձնապես մեծ փոփոխություն չի լինելու նրա ներկայիս սուպերվարչապետական իշխանության համեմատ, նա, գոնե իր հաշվարկով, շարունակելու է ունենալ բացարձակ իշխանություն, փոխարենը՝ ավելանալու է պաշտոնների թիվը, որոնցով կարող է բավարարել սեփական թիմակիցների ախորժակը։
Այս պլանավորումն իրականացնելու և հաջողության հասնելու դեպքում, Փաշինյանին հնարավորություն է տալու առնվազն 1.5-2 տարով երկարաձգել է սեփական իշխանությունը. գործող խորհրդարանն ընտրվել է 2021 թվականի հունիսին, և եթե ֆորսմաժորներ չլինեն, գործելու է մինչև 2026 թվականի հունիս, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետությանն այլ հավասար պայմաններում մնացել է 4.5 տարի ժամանակ։
Եթե հաշվի առնենք Փաշինյանի վարած խայտառակ քաղաքականությունը, հինգ տարի անց իշխանությունը պահպանելու նրա շանսերը գրեթե զրոյական են։ Ահա այդ պայմաններում, օրինակ, մեկ տարվա ընթացքում փոփոխելով սահմանադրությունը և սահմանելով նախագահի պաշտոնավարման, ասենք, 5 կամ 6 տարի ժամկետ, դիցուք, 2022 թվականի վերջում կարող է կազմակերպել նախագահի ընտրություն և վարչական ու այլ լծակներով դառնալ նախագահ՝ առանց ֆորսմաժորների ընթացքի դեպքում պաշտոնավարելով մինչև 2027-2028 թվականները։ Այս ամենին եթե համադրենք իշխանության նկատմամբ Նիկոլի անհագուրդ սերը, չի բացառվում, որ այս սխեման աշխատի։
Սահմանադրական փոփոխությունների արտաքին քաղաքական ասպեկտում անկասկած հաշվի է առնվելու Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման հեռանկարը։ Հայտնի է, որ Թուրքիան, որպես ՀՀ-ի հետ հարաբերությունների հաստատման նախապայման՝ մշտապես պահանջել է ՀՀ անկախության հռչակագրից հանել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հանձնառություն ենթադրող դրույթը, իսկ ՀՀ զինանշանից՝ Արարատ լեռան պատկերը։ Ըստ էության, չի բացառվում և մեծ է վտանգը, որ Հայաստանի անկախության հռչակագրից կարող է բացառվել նաև Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի, 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման մասին դրույթը։
Ստացվում է, որ Սահմանադրություն փոխելով՝ Նիկոլ Փաշինյանը փորձելու է մի կողմից՝ բավարարել սեփական իշխանության երկարաձգման, մյուս կողմից՝ Թուրքիայի պահանջները։
Արթուր Սարգսյան