Վերականգնել Բգավորի եկեղեցին. մեկնարկը տրվում է եկեղեցի տանող ճանապարհի կառուցումից. «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Հայաստանի յուրաքանչյուր անկյունում պատմամշակութային կոթող կա: Դրանցից շատերը հայտնվում են պետական ու միջազգային տարբեր կառույցների ուշադրության կենտրոնում՝ երկրի համար յուրահատուկ այցեքարտ դառնալով: Սակայն մեր երկրի գողտրիկ անկյուններում կան կոթողներ, որոնք մի տեսակ անտեսված են: Լոռու մարզի Ակոռի համայնքի վարչական տարածքում է գտնվում 13-րդ դարում կառուցված Բգավորի եկեղեցին: Այն կիսավեր է, ծածկը՝ թաղակամարներից բացի, չի պահպանվել, պատերը կիսաքանդ և խարխլված վիճակում են։
Գեղանկարիչ, Ակոռիի բնակիչ Վարուժան Սիմոնյանը կարծում է՝ եթե եկեղեցի տանող ճանապարհը, իսկ հետո նաև եկեղեցին վերականգնվեն, հարակից համայնքների կյանքը ևս կզարգանա: Դրամահավաք է սկսել, նպատակներից առաջինը ճանապարհը վերականգնելն է: Իր 200 գեղանկարները կվաճառի յուրաքանչյուրը 200 ԱՄՆ դոլարով, գումարը կփոխանցվի հաշվեհամարին, և կմեկնարկեն ճանապարհի նորոգման աշխատանքները: «Բգավորի եկեղեցին Մասիսի ստորոտի Ակոռի գյուղի 5-րդ դարի նույն եկեղեցին է: Անաստաս Ա կաթողիկոսը կոնդակով հանձնարարում է, որ Հայաստանում ևս նման եկեղեցիներ կառուցեն: Կառուցվել են Քոբայրում, Ախթալայում, Հաղպատում և այլուր: Բգավորի կառուցումն ավարտվել է 13-րդ դարում: Նախշազարդերը ծավալային են, գեղեցիկ, չեն կրկնում Հայաստանի և որևէ եկեղեցու զարդանախշերին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սիմոնյանը:
Նշում է՝ Լոռու մարզում բազմաթիվ են պատմամշակութային կոթողները, հայտնիների շարքում են Սանահինը, Հաղպատը, Օձունը և այլն: «Միևնույն ժամանակ, շատ եկեղեցիներ անհայտ են մնում մարդկանց, մի տեսակ կորսված են, բայց իրենց մեջ պատմություն են կրում: Իմ նշած եկեղեցիները միջազգային ու տեղական մարմինների ուշադրության կենտրոնում են, զբոսաշրջիկների հոսքը մեծ է, զարգանում են հարակից համայնքները, սա հրաշալի է, բայց Բգավորը և էլի շատ եկեղեցիներ հայտնվել են կործանման եզրին: Որոշեցի նման նախաձեռնությամբ հանդես գալ: Նախ՝ կկառուցենք ճանապարհը, որպեսզի մարդիկ կարողանան եկեղեցի այցելել, հաջորդ փուլով կփորձեմ կրկին նման նախաձեռնությամբ և արդեն նաև աջակիցների օգնությամբ վերականգնել եկեղեցին»,-նշում է մեր զրուցակիցն՝ ընդգծելով, որ նախահաշիվը պատվիրել է, և հաշվարկներով 200 նկարի՝ նշված գնով վաճառքի դեպքում մարդատար մեքենաների համար ճանապարհի վերականգնումը հնարավոր կլինի:
«Սա 4-5 կիլոմետրով կկարճացնի նաև դեպի Լալվար տանող ճանապարհը: Ճանապարհի կառուցումը կզարգացնի Ակոռի համայնքի ենթակառուցվածքները, տեղի բնակիչները կկարողանան զբոսաշրջիկներին առաջարկել իրենց արտադրանքը, այսինքն՝ սրանով համայնքում աշխուժություն կսկսվի: Եվ ամենակարևորը՝ սա հոգու խնդիր է, յուրաքանչյուրս ինչ-որ բան պետք է անի մեր երկրի համար»,-հավելում է գեղանկարիչը:
Արդեն իսկ աշխարհի տարբեր ծայրերից նկարների ձեռքբերման պայմանավորվածություններ կան, մեկնարկը տրված է: Ի դեպ, եկեղեցու տարածքում երկու տեղ ցուցանակ է փակցվելու, որտեղ նշվելու է բոլոր այն մարդկանց անունները, որոնք այս կարևոր գործում իրենց ներդրումն են ունեցել: «Իսկ վերջում էլ կավելացնեմ իմ անունը»,-եզրափակում է Վարուժան Սիմոնյանը: Խոստանում է որոշ ժամանակ անց հրավիրել Ակոռի՝ սեփական աչքերով տեսնելու կատարած աշխատանքի արդյունքները: Զրուցակցիս վստահությունը նաև ինձ է փոխանցվում:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում