Քմահաճույքների իշխանությունն ու ցավոտ իրականությունը
АналитикаԵթե անկեղծ, ապա հետևելով ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացների ու իշխանության տրանսֆորմացիայի տրամաբանությանը, Արմեն Սարգսյանի հրաժարականն իր անսպասելիությամբ՝ իրականում որոշ առումներով սպասելի։ Սարգսյանի քաղաքացիության հետ կապված պատմությունը, իհարկե, կարևոր է, չափազանց կարևոր, բայց տվյալ դեպքում խնդիրը նաև, իսկ գուցե առաջին հերթին՝ այլ հարթությունում է։
Փաստն այն է, որ Արմեն Սարգսյանը հրաժարական էր ներկայացնելու նաև այն դեպքում, եթե ունենար միայն ու բացառապես ՀՀ քաղաքացիություն ու երբևէ այլ երկրի անձնագրի երես տեսած չլիներ։ Նա հրաժարական ներկայացրեց, որովհետև ՀՀ իշխանական համակարգում մնացած միակ ոչ ուսապարկն էր, ինչը, իհարկե, ամենևին չի արդարացնում Սարգսյանի անգործությունն ու ամորֆությունը նախագահի պաշտոնում։
Ըստ էության, անկախ իր գործունեության բոլոր թերություններից, իսկ ավելի հաճախ՝ ցուցաբերած անգործությունից, այդուհանդերձ Արմեն Սարգսյանը միակ օտար մարմինն էր փաշինյանական իշխանության մեջ, ու չնայած վերջինիս հետ ինտեգրվելու բոլոր փորձերին, այդպես էլ չդարձավ յուրային խունտայի միջավայրում, թեև անհրաժեշտության դեպքում չէր վարանում կատարել բոլոր այն քայլերը, որոնք բխում էին փաշինյանական իշխանության շահերից։ Արմեն Սարգսյանը դա անում էր՝ գոնե արտաքուստ փորձելով պահպանել սեփական դեմքը, ինչը, փաստորեն, Նիկոլ Փաշինյանի համար ընդունելի չէր. նրան անհրաժեշտ է նախագահի պաշտոնում ունենալ մեկին, որը ոչ միայն գործնականում կծառայի իր իշխանությանը, ինչպես անում էր Սարգսյանը, այլ կլինի ամբողջությամբ «ներդաշնակ» իր ու իր թիմի հետ, ինչպես նա խոստովանեց վերջին ասուլիսում։
Եթե որոշակի բացենք փակագծերը, ապա «ներդաշնակություն» ասելով՝ պետք է հասկանալ կատարյալ անդեմություն ու անգամ ձևական ինքնուրույնության բացակայություն։ Բայց իրականում խնդիրը ներդաշնակության բացակայությունն էր՝ ոչ միայն ու ոչ այնքան քաղաքական հարթությունում, որտեղ Սարգսյանը գրեթե ամբողջությամբ ներդաշնակ էր, այլ անձնային տիրույթում, որում վերջինս, իհարկե, շահեկանորեն տարբերվում էր Փաշինյանից՝ իր կրթությամբ, բարեկրթությամբ, ինտելեկտով, անձնային որակներով։
Համադրելով այս ամենը՝ ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը, փաստացի, վրեժ լուծեց Արմեն Սարգսյանից իրենից ավելի կիրթ ու բարեկիթ լինելու համար, որովհետև նա սեփական իշխանությունը կառուցում է այն սկզբունքով, որ դրանում ներգրավված բոլորը պետք է իրենից ցածր լինեն ոչ միայն սուբորդինացիոն սանդղակում, այլ նաև մարդկային տեսակով, կրթությամբ, որակներով։
Այսինքն՝ իրականում Սարգսյանը հեռացվեց նախագահի պաշտոնից՝ ոչ թե քաղաքացիություն չունենալու, այլ՝ դիպլոմ կամ դիպլոմներ ունենալու պատճառով, որովհետև Նիկոլն իր իշխանությունը համալրում է ոչ թե կեղծ քաղաքացիություն, այլ կեղծ դիպլոմներ ունեցածներով՝ երևի այդպիսով հաղթահարելով դիպլոմ չունենալու սեփական բարդույթը։ Նախագահի պաշտոնում նրան պետք է մեկը, ով կլինի իրենից ավելի անկիրթ ու ավելի անբարեկիրթ, ունենա պակաս հեղինակություն ու վայելի պակաս հարգանք, քան ինքը։ Դա, իհարկե, որքան էլ դժվարին, այդուհանդերձ իրագործելի խնդիր է Փաշինյանի համար, քանի որ նրա իշխանությունը լցված է հենց այդպիսի դեմքերով։
Եթե անդրադառնանք Սարգսյանի հեռացման քաղաքական դրդապատճառներին, ապա դրանք ամբողջությամբ տեղավորվում են իշխանության կենտրոնացման, ավտորիտարացման փաշինյանական ծրագրերում։ Նիկոլն ամբողջությամբ վերահսկում է օրենսդիր ու գործադիր իշխանությունը, ամեն ինչ անում է դատական իշխանությունը ևս իրեն ենթարկեցնելու համար, արշավանք է սկսել տեղական ինքնակառավարման մարմինների՝ իրեն չենթարկվող ղեկավարների դեմ, և փորձում է վերացնել նաև իր իշխանությանը հակակշռող վերջին փշրանքները՝ ի դեմս մամուլի։
Սարգիս Արտաշյան