«Սա ոչ թե փորձ է բուժման մեթոդներ գտնելու, այլ տարբերակներ՝ հիվանդի վիճակը մեղմացնելու համար». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում գործող գիտական խմբի գիտահետազոտական աշխատանքների առաջնային ուղղվածությունն է աուտոիմուն հիվանդությունների առաջացման և զարգացման համար պատասխանատու իմունային պաթոգենիկ մեխանիզմների ուսումնասիրությունը։
«Մեր գիտական խումբը գործում է Մոլեկուլաբջջային իմունաբանության լաբորատորիայի հիման վրա: Կան ուսումնասիրության մի քանի ուղղություններ՝ հակաֆոսֆոլիպիդային համախտանիշը, շաքարային դիաբետի երկրորդ տիպը` իր իմունային խնդիրներով և երևանյան հիվանդությունը, որը մեզ մոտ շատ է տարածված: Հիմնականում այս երեք պաթոլոգիաների իմունային բաղադրիչն ենք ուսումնասիրում: Լաբորատորիան մեծ է, մեր գիտական խումբը բաղկացած է երեք հոգուց: Ես ավելի շատ զբաղվում եմ հակաֆոսֆոլիպիդային սինդրոմով, խմբի մյուս անդամը՝ Սոնան, դիաբետով: Յուրաքանչյուրս ունենք մեր առաջադրանքը, չնայած դրան գործն ընդհանուր է, բոլորս պատկերացում ունենք ընդհանուր փորձերի մասին, մասնակցում ենք դրանց, բայց կա ներքին բաժանում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Անուշ Մարտիրոսյանը:
Նշում է՝ հակաֆոսֆոլիպիդային համախտանիշը (ՀՖՀ) հիմնականում հեշտ կառավարվող հիվանդություն է, եթե գտնվի բուժման ճիշտ մոտեցում: «Հնարավոր է յուրաքանչյուր հիվանդի համար գտնել ճիշտ մոտեցում և հնարավորինս թեթևացնել հիվանդության ընթացքը: Համախտանիշի հիմքում ընկած է հակաֆոսֆոլիպիդային հակամարմինների առաջացումը, որոնք կարող են խթանել տրոմբոզներ և հղիության տարատեսակ բարդություններ։ Առաջին խնդիրը դիագնոստիկան է, լինում են դեպքեր, երբ այն ճիշտ չի արվում»,-ընդգծում է մեր զրուցակիցը: Այժմ փորձերն արվում են մկների վրա, մինչ այդ ուսումնասիրությունները բջիջների վրա էին: «Ուսումնասիրում էինք բջիջների ֆունկցիան, թե ինչպես են հակամարմիններն ազդում իմունային բջիջների ակտիվության, նրանց գործունեության վրա, հիմա ավելի շատ մկների վրա ենք ուսումնասիրություններ կատարում, որպեսզի տեսնենք բուժման արդյունքները»,-հավելում է գիտաշխատողը:
Ընդգծում է՝ ՀՖՀ-ն, ինչպես և աուտոիմուն հիվանդությունների մեծամասնությունն անբուժելի է, սակայն ՀՖՀ ունեցող պացիենտների բուժման ու կյանքի որակի բարձրացման նոր մեթոդների մշակման համար կարևոր է բարդությունների զարգացմանը տանող ընթացակարգերի լավագույն հասկացումը։ «Սա ոչ թե փորձ է բուժման մեթոդներ գտնելու, այլ տարբերակներ՝ հիվանդի վիճակը մեղմացնելու համար: Հակամարմինները չենք կարող հանել հիվանդի օրգանիզմից, բայց կարող ենք այնպես անել, որ բջիջների «պատասխանը» հակամարմիններին մեղմ լինի, և արդյունքում չառաջանան տրոմբոզներ: Ստացվում է, որ մարդն ապրում է այդ հիվանդությամբ, բայց բարդություններն ավելի հազվադեպ են լինում: Չի կարող այնպես պատահել, որ դրանք ընդհանրապես չլինեն, պետք է աշխատել այն ուղղությամբ, որ դրանք ավելի մեղմ կամ քիչ լինեն: Ուսումնասիրում ենք նաև պրոֆիլակտիկ մեթոդներ, բայց դրա մասին կխոսենք միայն համապատասխան հոդվածները տպագրելուց հետո: Եթե հակիրճ, ապա մեր ուսումնասիրություններն ուղղված են նրան, որ հիվանդի մոտ հակաֆոսֆոլիպիդային համախտանիշի դեպքում բարդություններ չզարգանան»,-ասում է Անուշը:
Ի դեպ, այս թեմայով կան տպագրված հոդվածներ բարձր ազդեցության գործակից ու միջազգային վարկանիշ ունեցող գիտական պարբերականներում: 2022 թ.-ին ավելացավ գիտության ֆինանսավորումը, սա կարող է ու պետք է երիտասարդներին ոլորտում ներգրավելու ևս մեկ հնարավորություն լինի: Զրույցների ընթացքում գրեթե բոլորը ֆինանսավորման պակասի, սարք-սարքավորումների հնամաշ լինելու մասին էին խոսում: Միևնույն ժամանակ սեփական փորձով նշում՝ եթե ցանկություն կա, տարբերակներ ևս կգտնվեն հետազոտություններ անցկացնելու: Այս հարցում իր գործընկերների հետ համակարծիք է նաև Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատողը: «Նույն խնդիրները նաև ես կառանձնացնեմ, իհարկե, դրանք կան: Սակայն երբ հայտնվում ես գիտական միջավայրում, տեսնում մասնագետների, որոնք ոչ միայն զբաղվում են գիտությամբ, այլ ապրում դրանով, սիրում են իրենց աշխատանքը, ինքդ ոգեշնչվում ես: Մեր լաբորատորիայում այդպես է, փորձում ենք լուծումներ գտնել՝ ինչպես աշխատել, որ ուղղությամբ շարժվել: Դա մեխանիկական աշխատանք չէ, և երբ երիտասարդները գալիս են, իրենք ևս զգում են այդ էներգիան: Եթե մեր աշխատանքի մեջ այդ բաղադրիչը չլինի, այն ուղղակի անհետաքրքիր կդառնա»,-եզրափակում է Անուշ Մարտիրոսյանը:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում