«Խաղեր տալու» սեզոնն ու անատամ արտաքին քաղաքականությունը
АналитикаԻնչպես հայտնի է՝ օրերս Ադրբեջանում գործող ՄԱԿ-ի տարբեր կառույցների մի շարք ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի՝ Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված ծրագրերի շրջանակում այցելել և մասնակցել էին Շուշիում անցկացվող մի միջոցառման։ Նման քայլով Ադրբեջանը հերթական անգամ դիվանագիտական ապտակ է հասցնում և ստորացնում ՀՀ-ին և այնտեղ իշխող վարչախմբին։ Այս այցին հաջորդել էր ՀՀ ԱԳՆ արձագանքը, որով մեր արտաքին գերատեսչության ղեկավարությունը դիմել էր ՄԱԿ-ին և իր դիրքորոշումն ու բողոքը հայտնել կատարվածի հետ կապված։ Շեշտելով, որ ՄԱԿ-ն ուղղակիորեն մտնում է ակնհայտ քաղաքական գործընթացի մեջ՝ խախտելով սոլիդության բոլոր սահմանները։ Համաձայնեք, որ սա թուրք-ադրբեջանական տանդեմից խաղաղություն մուրող ՀՀ իշխանության գործելաոճի արգասիքն է։
Ադրբեջանական արտաքին գերատեսչության արձագանքը չուշացավ. «Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում որևէ միջոցառման անցկացման և այդ միջոցառմանը միջազգային ներկայացուցիչների մասնակցության հարցը ՀՀ իրավասության ներքո չէ»։ Ակնհայտ դաստիարակչական բնույթի այդ դատողությանը հաջորդել է ավելի նվաստացուցիչ հատվածը. «ՀՀ շարունակական տարածքային պահանջներն Ադրբեջանի դեմ ցույց են տալիս, որ այս երկիրը ճիշտ հետևություններ չի արել 44-օրյա պատերազմից»։ Հայտնի է, որ նման մտքեր, և ոչ միայն, պարբերաբար հնչում է հենց Ալիևի կողմից՝ ակնհայտ սպառնալիքի տեսքով։
Ցավալի է, բայց փաստ, որ, ըստ էության, այսօր շահարկման և անհարկի տիրաժավորման առարկա է դարձել, այդ թվում ՀՀ իշխանությունների կողմից, այն Շուշին, որ դեռևս 105 տարի առաջ Հարավային Կովկասում հայության երկրորդ մշակութային կենտրոնն էր (Թիֆլիսից հետո): Ավելին, ադրբեջանական իշխանությունների կողմից նախ հայտարարվում է «բուն ադրբեջանական տարածք», նաև հռչակվում է «Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք»։
Ի դեպ՝ ԱԳՆ-ի հայտարարության եզրափակիչ հատվածը կրկին դաստիարակչական բնույթի է, բայց սպառնալից տոնայնությամբ. «Կցանկանայինք կրկնել, որ որքան շուտ Հայաստանն ընդունի տարածաշրջանում հետպատերազմական շրջանի իրողությունները, այնքան ավելի օգտակար կլինի իր համար»: Կասկածից վեր է, որ հիշյալ սպառնալիքը շատ արագ կգտնի իր հասցեատիրոջը: Եվ քանի որ խիստ վտանգավոր է «մեկ այլ պետության ներքին գործերին միջամտելը», ինչպես ներկայացված է հայտարարության մեջ, ապա Փաշինյանի խունտային մնում են հերթական նվաստացումը կուլ տալն ու լռելը: Ըստ էության, Փաշինյանն իշխանություն չի զավթել և ատամներով ամեն գնով չորս տարի պահել, որպեսզի ադրբեջանական սպառնալիքին հաջորդող գործողությունների արդյունքում զրկվի դրանից, եթե բանի տեղ չդնի այն: Իսկ սպառնալիքներին անսալն էլ կլինի հենց «անսասան կամքով խաղաղ դարաշրջան բացելու» երևույթի տրամաբանական շղթայի մի մասը:
Համաձայնեք, որ հակառակ դեպքում անտրամաբանական է, երբ Փաշինյանն ու իր վարչախումբը խաղաղություն է մուրում ու միաժամանակ բողոքի ակցիաներ կազմակերպում՝ թեկուզ զուտ խոսքի մակարդակում: Անտրամաբանական է, երբ Շուշին ադրբեջանաբնակ և «դժգույն ու դժբախտ» քաղաք են համարում ու նույն այդ քաղաքի համար բողոքում:
Ստացվում է հակահայ իշխանություններն ունեն հետևյալ ընտրությունը՝ կա՛մ պետք է փակեն Շուշիի թեման ու գնան մինչև վերջ «խաղաղ դարաշրջան կառուցելու» ուղղությամբ, կա՛մ պետք է չեղարկեն «խաղաղ դարաշրջանի մեկնարկն» ու նախապատրաստվեն դրա՝ սեփական իշխանության համար վտանգավոր հետևանքներին: Հակառակ դեպքում ստացվում է համ թուրքի հետ պարտվողական խաղաղության ձգտել, միաժամանակ ամեն գնով հայրենասիրական խաղեր տալ, որն, իհարկե, անբնական է:
Տիգրան Մկրտչյան