Ստաբիլ գեներացվող ատելության արգասիքը
АналитикаՈչ ոքի համար գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ևս մեկ անգամ վերահաստատեմ, որ Նիկոլ Փաշինյանն ու ատելությունն օրգանապես միմյանց հետ փոխկապակցված երևույթներ են։ Ինչպես հայտնի է՝ Փաշինյանը կյանքում որևէ հաջողության, այդ թվում՝ իշխանությունը զավթել է բացառապես ատելություն գեներացնելու միջոցով։ Ստացվում է, որ ատելությունը Փաշինյանի առաջնային գործիքն է, որ նա շատ փայլուն օգտագործում է իշխանությունը պահպանելու համար։
Ըստ էության, առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, թե նա ատելություն է սերմանում միայն անձանց կամ առանձին խմբերի նկատմամբ, դա շատ թյուր տեսակետ է։ Փաստ է, որ նախկինների, «թալանչի պաշտոնյաների» անհատական կերպարները նրան օգնել են գալ իշխանության և պահպանել այն։ Բայց դա ամենամեծ վնասը չէ, որ ատելության միջոցով Նիկոլը հասցրել է Հայաստանին։ Իրականում նա շատ ավելի վտանգավոր ու անդառնալի վնաս է հասցրել ու շարունակում է հասցնել երևույթների նկատմամբ չհայտարարվող ատելություն սերմանելու միջոցով։
Բոլորս ենք հիշում, որ մինչև 44-օրյա պատերազմը Փաշինյանի կողմից գեներացվող ատելության թիրախները հանրային արժեհամակարգի ու պետության հիմնասյուներն էին՝ եկեղեցի, ավանդական նորմեր, բանակ, դպրոց, արտաքին քաղաքականություն։ Արդյունքում պատերազմ, հազարավոր զոհեր, Արցախի մեծ մասի կորուստ։
Այժմ տեսնում ենք, թե ինչպիսի ատելություն է գեներացվում Արցախից մնացած վերջին կտորների և արցախահայության նկատմամբ։ «Արցախը Հայաստան է, և վերջ» կարգախոսի հեղինակը հիմա ամեն ինչ անում է «Արցախն առանց Հայաստանի» կամ «Հայաստանն առանց Արցախի» կործանարար կաղապարն արմատավորելու համար։ Ի դեպ՝ նա դա անում է իշխանական ծաղրածուների, պսևդոազատական մտավորականների, ուսյալ հակաազգայինների ու Ադրբեջանի անթաքույց լոբբիստների միջոցով։ «Արցախի ուրացում» օպերացիան իրականացվում է «խաղաղության դարաշրջանի» զուգահեռ քարոզի միջոցով, որի ենթատեքստն այն է, որ խաղաղություն հաստատելու համար Հայաստանին խանգարում է Արցախը։
Յուրաքանչյուր բանական մտածողություն ունեցող մարդու համար այս թեզերը, նողկանքից ու ատելությունից բացի, ուրիշ ոչինչ չեն կարող առաջացնել։ Եվ ստացվում է այնպես, որ գիտակցված կամ ոչ՝ Փաշինյանն ատելություն է սերմանում նաև խաղաղության գաղափարի նկատմամբ, որովհետև նրա ներկայացրած նվաստացուցիչ խաղաղությունը չի կարող ցանկալի լինել որևէ բանական հայի համար։
Ըստ այդմ կարող ենք արձանագրել, որ եթե ոչ՝ գիտակցական, ապա՝ ենթագիտակցական մակարդակում արժանապատվություն ունեցող ցանկացած մեկի համար խաղաղությունն այս տեսքով կարող է դառնալ ատելության առարկա։ Սա չափազանց վտանգավոր կաղապար է, որը հանրային հոգեբանության մեջ արմատավորվելու դեպքում կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Բայց Նիկոլի կողմից գեներացվող անտեսանելի ատելության ամենավտանգավոր թիրախը պետությունն է։ Փաստացի, նա պետությունը վերածել է այնպիսի ու այնքան անհասկանալի սուբստանցիայի, որ մարդկանց մի մասը լավագույն դեպքում՝ անտարբերությամբ, իսկ մյուս հատվածը՝ ընդհուպ ատելությամբ է վերաբերվում։
Ճակատագրի հեգնանքով, գուցե նախախնամությամբ ողբերգական, իսկ գուցե դավադիր զուգադիպությամբ, Նիկոլ Փաշինյանն ատելություն է գեներացրել ու ատելություն է սնուցում հատկապես ու առանձնապես այն ամենի նկատմամբ, որոնց դեմ պայքարել ու պայքարում են Հայաստանի դեմ օբյեկտիվորեն ատելություն ու թշնամանք ունեցող այն թշնամիները, որոնց հանդեպ հիմա Փաշինյանը տածում է այն, ինչ հայերին խոստանում էր 2018 թվականին՝ սեր և հանդուրժողականություն։
Տիգրան Մկրտչյան