«Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում»․ Առուշ Առուշանյան
АналитикаԳորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վերաբերյալ քրեական գործի դատաքննությունը մարտի 25-ին ավարտվել է, և դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ: Քաղաքապետի վերաբերյալ դատավճիռը կհրապարակվի երկուշաբթի՝ մարտի 28-ին:
Այս թեմայի մասին Оrer.am կայքը զրուցել է Առուշանյանի փաստաբան Աշոտ Մելքոնյանի հետ։
Անդրադառնալով դատախազության միջնորդությանը փաստաբանն ասաց․ «Ես հիմա չեմ ուզում որևէ գնահատական տալ, եկեք սպասենք դատավճռին։ Եկեք չխանգարենք, թող աշխատեն, հետո կխոսենք»։
Մարտի 25-ի նիստում Առուշ Առուշանյանը վերջին խոսքով է հանդես եկել, պնդել, որ իրեն մեղավոր չի ճանաչում, որ ինքն արդար է և չի ընդունում մեղադրանքը: Այս գործով մեղադրյալ է նաև Քարահունջ վարչական շրջանի ղեկավար Լուսինե Ավետյանը, որի համար դատախազությունը միջնորդել է դատապարտել 5 տարի պայմանական ազատազրկման:
Առուշանյանի և մյուսների գործը, որը հարուցվել էր դեռևս 2021-ի ամռանը, վերաբերում է ինքնիրավչություն կատարելուն, պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ընտրողներին կաշառք տալուն և անձի առողջությանը վնաս պատճառելուն:
Ըստ մեղադրանքի՝ 2017-ից Գորիսի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Առուշ Առուշանյանը Գորիսի Վերիշեն բնակավայրի վարչական տարածքում՝ համայնքին պատկանող հողատարածքներում, «Բեսթ ռոուդ» ՍՊ ընկերության միջոցով և ընկերության մի շարք աշխատակիցների, տեխնիկաների և տրանսպորտային միջոցների ներգրավմամբ զբաղվել է ընդերքի ապօրինի օգտագործմամբ և ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ:
Սոնա Գիշյան