«Հումանիտար» պատերազմն ու հայի բախտը
АналитикаԸնդունված է ասել, որ մեր իրականությունը հաճախ ձևականության և տեսարանների աշխարհ է։ Սա պայմանավորված է նաև նրանով, որ հստակ ու միանշանակ չես կարող պնդել, թե քո արած որ քայլին, ինչ գնահատական կտա շրջապատը և հանրային կարծիքը։ Ըստ էության, նույնն է տեղի ունենում նաև ժամանակակից աշխարհաքաղաքականության տրամաբանության պարագայում։ Նմանօրինակ մի իրավիճակ է ներկայումս ընթացող ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված։
Բոլորս ենք հիշում, երբ մեկ ամիս առաջ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, ամբողջ աշխարհը, թեկուզ շատ հարցերում ակնհայտորեն աշխարհաքաղաքական շահերով պայմանավորված, կանգնեց Ուկրաինայի կողքին։ Վստահաբար կարող ենք նշել, որ Ուկրաինային պետություններից շատերը չեն գիտակցել ու հիմնավորել, թե ինչով է պայմանավորված նման դիրքորոշումը, բավական է միայն, որ նրանց ասվել է վարվել նման կերպ և վերջ։ Ձևական հայտարարությունների փոխարեն՝ նախ հնչեցին հստակ և առարկայական գնահատականներ՝ ուղղված «ագրեսոր» Ռուսաստանին, որին հետևեցին Ուկրաինային աջակցող առարկայական քայլերը՝ հումանիտար օգնությունից մինչև ռազմական օժանդակություն։ Ճիշտ է, ՆԱՏՕ-ի զորքը չեկավ ուկրաինացիներին օգնելու, ոչ էլ փակեց Ուկրաինայի օդը, ինչը մինչ օրս խնդրում է Զելենսկին, բայց միլիոնավոր դոլարների հսկայական զենք-զինամթերք ուղարկվեց Ուկրաինա ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից։
Օրը ցերեկով ողջ Արևմուտքը մի բռունցք դարձավ և մի մարդու նման Ռուսաստանին դրեցին սանկցիաների տակ, որպիսիք նախկինում երբեք չէին կիրառել։ Մինչ օրս Զելենսկին զենք է ստանում Արևմուտքից, որ պայքարի Ռուսաստանի դեմ, դրա համար էլ մինչ օրս պատերազմը ձգվում է։ Ռուսաստանը Ուկրաինայի տարածքում մեկ ամիս է՝ ռազմական գործողություններ է իրականացնում ու դեռ չի կարողանում ծնկի բերել Արևմուտքի աջակցությունն ստացող Զելենսկուն։ Չնայած հանուն արդարության պետք է փաստենք, որ ՌԴ-ն վարում է բավական հումանիտար պատերազմ և փորձում է հնարավորինս քիչ վնաս հասցնել քաղաքացիական նշանակության օբյեկտներին. մենք տեսնում ենք, որ ռուսները հիմնականում աշխատում են գերճշգրիտ զենքերով ու հրթիռներով և իրենց հարվածները հնարավորինս հասցնում են բացառապես ռազմական օբյեկտների վրա։ Այլ բան է, որ ուկրաինական կողմը, դիմում է կեղտոտ խաղերի և իր ռազմական տեխնիկան տեղակայում է բնակավայրերի դիմած կամ ասենք հանրային օբյեկտներին կից տարածքում։ Ի դեպ նման գործելաոճը տիպիկ էր նաև Ադրբեջանին, երբ պատերազմի օրերին, իրենց տեխնիկաները գեներացնում էին գյուղերի դիմաց, կամ քաղաքների այն հատվածներում, որտեղ շատ են մարդկանց կուտակումները։ Չի բացառվում, որ հետագայում այս պատերազմը պատմության դասագրքերում հիշատակվի նաև «հումանիտար պատերազմ» բնորոշմամբ։
Այսօր էլ ունենք մի իրավիճակ, երբ Արցախում նորից թշնամին հարձակման է անցել ու ցանկանում է մեր գյուղերը գրավել, նորից զոհեր ունենք, ու հենց այստեղ դարձյալ աչքի է զարնում մեր դժբախտ ճակատագիրը, թե որքան մենակ ենք մենք մնացել այս երկրագնդի վրա, երբ նույնսիկ մեր անվտանգությունն ապահովելու եկած ռուս խաղաղապահները մեր կողմից չեն։ Ցավալին այն է, որ մինչ այսօր մենք այդպես էլ չհասկացանք, որ մեզ ոչ ոք չպիտի օգնի, քանզի մենք ինքներս մեզ չենք օգնում, մենք ինքներս ենք մեր դեմ դուրս գալիս, երբ պետք է համախմբվել, ուստի ինչո՞ւ պիտի Մակրոնը, Պուտինն ու մնացածը մեզ օգնեն, մեր ո՞ր արժանիքի ու լավ արարքի համար։
Փաստ է, որ մենք ինքներս ենք մեզ մենակ թողել, մենք մենակ ենք թողել Արցախը, արդեն թքած ունենք Սյունիքի վրա, փորձում ենք ամեն կատարվածի համար մի արհեստական ու ծիծաղելի բացատրություն գտնել, ու ամեն ինչ բարդել այս կամ ուժի ու անհատի վրա։ Ինչի մասին ենք մենք ընդհանրապես խոսում, երբ այս ամենի մեղավորը հենց նույն ժողովրդի ձեռքով ընտրված իշխանությունների ամուլ կեցվածքն ու պահվածքն է։ Մարդիկ ծնկաչոք ու ինքնամոռաց խաղաղություն են մուրում՝ մոռանալով, որ ողորմություն մուրալով պետություն ու պետականություն չեն պահում, երբ ամենուր քաոս է ու մատնված ինքնահոսի։
Արեգ Ասատրյան