Հայտնաբերվել է Մարտունիում տարադրամի շրջիկ փոխանակմամբ զբաղվողի դին՝ դանակի մի քանի հարված ստացած
ОбществоԱպրիլի 5-ին, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում բացահայտել են Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ սպանության դեպք։
Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է սկզբնաղբյուրը՝ երեկ, ապրիլի 4-ին, ոստիկանության Մարտունու բաժին էին դիմել Մարտունի քաղաքի բնակիչ 55-ամյա Կամո Ա․-ի հարազատները և հայտնել, որ վերջինս դուրս է եկել տանից և տուն չի վերադարձել, ունեն կասկածներ, որ նրա հետ, հնարավոր է՝ ինչ-որ բան պատահած լինի։
Նույն պահին մարզի ոստիկանապետ Ա․ Մկրտչյանի կարգադրությամբ՝ ստեղծվում են 3-4 հետախուզական խմբեր, որոնցում ներգրավվում են Գեղարքունիքի մարզային վարչության և ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները։
Վերջիններս սկսում են ողջ գիշեր որոնողական աշխատանքներ Կամո Ա-ի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ճշտելու ուղղությամբ։
Ժամեր անց ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ Կամո Ա․-ն հանդիպել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Հակոբ Ա-ի հետ։
Կարճ ժամանակում ոստիկանները հայտնաբերում են Հակոբ Ա․-ին, ով հրավիրվում է ոստիկանության Մարտունու բաժին։
Ոստիկաններին են միանում Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի քննիչները։
Որաշակի աշխատանքներից հետո կասկածյալը խոստովանում է և ոստիկաններին ու քննիչներին մատնացույց է անում այն վայրը, որտեղ դանակի մոտ 8 հարվածով սպանել է իր զոհին։
Դատաբժիշկը զննելով դին, հայտնում է, որ մարմնի վրա առկա են մոտ 8 սուր կտրող-ծակող դանակի հետքեր։
Դեպքի վայրի հարևանությամբ հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին․ «Կամոյին, ով Մարտունիում զբաղվում էր տարադրամի շրջիկ փոխանակմամբ, երեկվանից ման էինք գալիս։ Ոչ միայն մենք, այլև մարզի ու Մարտունու 50-ից ավելի ոստիկաններ։ Ճիշտն ասած՝ Կամոյին փնտրելու համար ոչ միայն Մարտունի քաղաքում, այլև հարակից գյուղերում ու անտառներում ենք ման եկել։ Դե, քանի որ ինքը շրջիկ էր գործ անում, մտածեցինք՝ ուրիշ մարզեր կամ Երևան գնացած կլինի։ Բայց ինչ-որ կասկած կար մեզ մոտ, որ հաստատ սպանել են, քանի որ նրա մոտ 1 միլիոնից ավելի գումար է եղել»:
Փաստի առթիվ Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ՝ Հակոբ Ա․-ն ձերբակալվել է։