Տոտալ պարտք ենք վերցնում
ЭкономикаՇատերս ենք հիշում, թե ինչպես է ժամանակին պարտքերի նկատմամբ քրոնիկ ատելություն ունեցող Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո համառորեն պետության վրա նոր պարտքերկուտակում։ Քչերը գիտեն, որ անցած տարի պետական պարտքը ծանրացավ ավելի քան 1,2 մլրդ դոլարով, իսկ արդեն այս տարվա մեկնարկին մեր պետական պարտքը շարունակում է աճել. հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պարտքն ավելացել է շուրջ 100 մլն դոլարով։ Ի դեպ՝ վարկային այն համաձայնագրերը, որոնք վերջերս ստորագրեց կառավարությունը, դեռևս ներառված չեն այս գումարի մեջ։ Դրանք պարտքային պարտավորություններում կարտացոլվեն ավելի ուշ(խոսքը՝ ՀԲ-ից և ԱՄՀ-ից ներգրաված նոր պարտքերի մասին է)։
Այս ընդհանուր «կաշայի» մեջ զավեշտալին այն է, որ նախկինում դեմ լինելով վարկերին, հիմա կառավարությունում նույնիսկ հպարտանում են, որ վարկեր են վերցնում, որ դեռ իրենց վարկ տվողներ կան։ Ոչինչ, որ դրանով սերունդներին դնում են նոր պարտքերի բեռի տակ, ու դեռ գալու է նաև այդ պարտքերը վերադարձնելու ժամանակը։
Ըստ էության, պարտքով փող տալուց առաջ պարտքատերը մտածում է ոչ թե՝ այդ երկրի տնտեսության, այլ առաջին հերթին՝ այն մասին, թե պարտք վերցնողն ինչքանով է ի վիճակի այն վերադարձնել։ Դրա համար էլ, երբ պարտք են տալիս, նաև պայմաններ են թելադրում, հատկապես, թե ինչ պետք է անել, որպեսզի պարտքը փակելու հետ կապված խնդիրներ չլինեն։ Ի դեպ՝ պատահական չէ, որ պարտքերը շատ հաճախ ուղղակիորեն կապված են լինում հարկային բեռի ծանրացման հետ։ Այս դեպքում նույնպես՝ պարտքը տվել են և թելադրել սեփական պայմանները, իսկ կառավարությունը համաձայնել է, որովհետև փողի կարիք ունի (պետբյուջեում մի քանի հարյուր միլիոն դոլարի հասնող դեֆիցիտ է պլանավորել ու հիմա ստիպված է միջոցներ գտնել այն փակելու համար)։
Փաստ է այն, որ Հայաստանին դեռ պարտք տվող կա, ինչը գուցե լավ է, բայց դա չի նշանակում, թե լավ օրից է, որ պարտքեր ենք վերցնում։ Հավելենք նաև, որ զարմանալի չէ, որ պարտքերն անշեղորեն ավելանում են՝ հատկապես ճգնաժամերի ժամանակ, երբ տնտեսության կարողությունները կրճատվում են, նվազում են նաև պետության ֆինանսական հնարավորությունները։ Կառավարություններն էլ ստիպված պարտքեր են վերցնում, որպեսզի բյուջեի ծախսերը կատարեն։Պարտք վերցնում են, որովհետև փող չեն ունենում՝ երբեմն նույնիսկ ընթացիկ, այդ թվում՝ պաշտպանված ծախսերը կատարելու, աշխատավարձ, թոշակ ու նպաստ վճարելու, առողջապահական ու սոցիալական ծրագրերը ֆինանսավորելու համար։ Որքան քիչ է փողը, այնքան մեծ է պարտքեր վերցնելու գայթակղությունը, բայց նման գայթակղությանը չպետք է տրվել, որովհետև դա հետո կարող է շատ ավելի մեծ խնդիրների առաջ կանգնեցնել։
Փորձենք խոսել փաստերով․ այսիշխանություննիրկառավարման 4 տարիների ընթացքում այնքան պարտք են վերցրել, որքան նախորդ առնվազն 10 տարիներին։ Չորս տարում պարտքն ավելացրել են 36-37 տոկոսով։Պարտքեր վերցնելը գուցե վատ չէ, բայց դա պետք է արդյունք տա, այդ գումարները պետք է աշխատեն, նպաստեն տնտեսության պոտենցիալի ավելացմանը։ Այնինչ՝ այդքան պարտք ենք վերցրել, սակայն արդյունքը չենք տեսնում։Մեր տնտեսությունն ավելի դանդաղ է աճում, քան պարտքերը, իսկ դա նշանակում է, որ վերցված գումարները չեն ծառայում տնտեսական աճի պոտենցիալի բարձրացմանը, ինչն իր հերթին բերում է ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի բեռի ավելացման։ Այսպես է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ պարտքն ավելի արագ է աճում, քան տնտեսությունը։Մեր պարագայում խնդիրը ոչ միայն պարտքի, այլև տնտեսության դանդաղ աճի մեջ է։
Ինչպես հայտնի է վերջին չորս տարիներին ՀՀ տնտեսության աճի տեմպը խիստ ցածր է եղել, տարեկան այն կազմել է, միջին հաշվով, ընդամենը 2,7-2,8 տոկոս։Մինչդեռ այդ ընթացքում պարտքն ավելացել է միջին տարեկան շուրջ 9 տոկոսով։ Ստացվում է, որ պարտքի աճի տեմպն առնվազն 3 անգամ ավելի մեծ է եղել տնտեսական աճից։ Ի դեպ՝ սրա հետևանքով էլ պարտքի ցուցանիշները գնալով վատացել են։Կառավարությունը հույս ուներ, որ գոնե այս տարի հնարավոր կլինի որոշ չափով շտկել իրավիճակը՝ ակնկալվող առնվազն 7 տոկոս տնտեսական աճի արդյունքում։ Բայց վերջին շրջանում համաշխարհային ու ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսություններում տեղի ունեցող պրոցեսները նոր ռիսկեր են ստեղծել ՀՀ տնտեսության համար։
Ամփոփելով արձանագրենք, որ մինչ տնտեսությունը հերթական փորձության առջև է, և բազմաթիվ անորոշությունների պատճառով դեռ հայտնի չէ, թե ինչպես դուրս կգա այդ իրավիճակից, կառավարությունն անշեղորեն ավելացնում է պարտքը։
Տիգրան Մկրտչյան