Գրպանիկով հաց՝ «պիտա». մնում է միայն լցոնել. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է
Պիտան կլոր, տափակ հաց է, որը թխում են ինչպես բարձր, այնպես էլ առաջին տեսակի ցորենի ալ յուրից: Այն չափազանց տարածված է Միջերկրական ծովի ափին և Մերձավոր Արևելքի երկրներում: Նման հացի մասին առաջին հիշատակությունները առկա են Հին Կտակարանում: Եբրայերեն բնագրերում նշումներ կան «pat lechem» հացի մասին, որը կարող է թարգմանվել որպես «մեծ պիտա հաց», կամ «մեծ բլիթ»: Այս արտահայտությունը ռուսերեն թարգմանվում է որպես պարզապես «հաց»:
Արաբական ավանդական պիտայի տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ այն թխելիս խմորի մեջ առաջացած ջրային գոլորշին կուտակվում է փխրուն հացի կենտրոնում գտնվող փուչիկի մեջ և բաժանում է հացը երկու շերտի: Նման կերպ հացի ներսում ձևավորվում է «գրպան», որը կարելի է սուր դանակով բացել և լցոնել աղցաններով կամ մսով: Պիտայի պատմությունն սկսվել է Մերձավոր Արևելքի նախապատմական հացերից: Մոտավորապես 14 500 տարի առաջվա քարե դարի ապացույցներ կան, որ ժամանակակից Հորդանանի տարածքում հացահատիկային հատիկներից պատրաստել են հաց: Հնագույն ցորենն ու գարին առաջին ընտելացված մշակաբույսերի շարքում են եղել նեոլիթի ժամանակաշրջանում՝ մոտ 10 000 տարի առաջ:
Չորս հազար տարի առաջ հացը կարևոր նշանակություն է ունեցել այնպիսի երկրներում, ինչպես Բաբելոնյան Միջագետքը, որտեղ էլ սկիզբ են առել հաց թխելու ամենավաղ գրավոր գրառումները և բաղադրատոմսերը, և որտեղ պիտանման հացեր են թխել թոնիրներում: Այնուամենայնիվ, հին տեքստերում կամ արաբական միջնադարյան խոհարարական գրքերում չեն հիշատակված երկշերտ «գրպանիկային պիտաները», և, ըստ խոհարարական պատմաբանների, ինչպես, օրինակ՝ Չարլզ Փերին և Գիլ Մարկսը, դա հետագայում է հորինվել և հնարավոր է՝ այլ վայրերում: Ավանդական միջերկրածովյան կամ Հեռավոր Արևելքի պիտան ունի մոտ 20 սանտիմետր տրամագիծ: Կա՞ն պիտաների տարբերակներ: Այո, դրանք բազմաթիվ են: Առավել հայտնի են թուրքական պիտան, իրաքյան լաֆան, դրուզային պիտան, հնդկական չապատին: Պիտան յուրաքանչյուր երկրում ունի իր առանձնահատկությունները: Մասնավորաբար, Իսրայելում պիտան ամենատարածված ուտեստներից մեկն է: Այդ երկրում այն շատ վաղուց են օգտագործել:
Նշենք, որ, այնուամենայնիվ, պիտա հացը շատ տարածված չի եղել այն թխելու դժվարությունների պատճառով։ Շատերի համար պիտա հացի գրպանիկն իրոք զարմանալի է թվում: Մտածելով դրա ծագման մասին՝ կարելի է գլխացավ ստանալ: Ամեն ինչ բացատրվում է նրանով, որ այս հացի արտադրության մեջ գործնականում օգտագործվել են եզակի տեխնոլոգիաներ: Պիտան հիանալի սնունդ է իր դրական որակներով: Այն հոյակապ փաթեթավորում է այլ սննդամթերքի համար: Ինչո՞վ կարելի է այն լցոնել: Ցանկացած սննդամթերքով:
Կան շատ ավանդական բաղադրատոմսեր, բայց ստեղծագործելը և ինքնուրույն ինչ-որ բան փորձելը ևս լավ է: Փորձառու ճանապարհորդները պիտա են գնել արշավների համար: Դա պայմանավորված է նրանով, որ այն թույլ է տալիս ուտել բազմազան սնունդ առանց գդալ-պատառաքաղների և այլ սպասքի օգտագործման: Ամեն ինչ պարզ է և հարմար:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում