«Իր հայտարարություններով Փաշինյանն արդարացնում է Ալիևին». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Անցնող շաբաթվա ընթացքում Ազգային ժողովում կառավարության կատարողականը ներկայացնելու ժամանակ հնչեցին Արցախին առնչվող մի շարք հայտարարություններ, որոնք սուր արձագանքների արժանացան: Խոսքը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին է, որոնք վերաբերում էին բանակցային գործընթացին, Արցախի ինքնորոշմանը: Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Արցախի ԱԺ-ն, արձագանքելով, հայտարարեց Արցախի Հանրապետության փաստացի կարգավիճակը կասկածի տակ դնող հայտարարությունների անթույլատրելիության մասին: Արցախի «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում ընդգծել է, որ Փաշինյանն իր հայտարարություններով արդարացնում է Ալիևին:
«Իր հայտարարություններով ու գործունեությամբ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է փոշիացնել 30 տարվա բանակցային այն ամբողջ կապիտալը, որը տարիների ընթացքում ձեռք էր բերել հայկական կողմը: Մի քանի տարի առաջ հայտարարեց, թե իր զրոյական կետից է սկսելու: Որպեսզի կարողանար իր զրոյական կետից սկսել ու արդեն հիմա ավարտին հասցնել այն մտադրությունները, որոնց համար եկել էր իշխանության, անհրաժեշտ էր փոշիացնել և հերքել հայկական կողմի այն փաստարկները, որոնցով տարիներ շարունակ կարողացել են նստել բանակցային սեղանի շուրջ: Այդ բանակցային փաստարկներով շատ հաճախ Ադրբեջանին դրել են այնպիսի իրավիճակում, որ Ալիևը նույնիսկ հայտարարել էր, թե փակ սենյակներում իրեն ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ու որպեսզի Փաշինյանը կարողանա չարիքի բերած իր քաղաքականությունը ավարտին հասցնել, այսօր արդեն բացահայտ փորձում է արդարացնել Ալիևի քաղաքականությունը»,-ասաց Հ. Հակոբյանը՝ նշելով, որ այն, ինչի մասին Փաշինյանը ապրիլի 18-ին հայտարարում էր ԱԺ բարձր ամբիոնից, բանակցությունների ժամանակ այդ նույն փաստարկներով փորձել են ճնշել Նիկոլ Փաշինյանին, որոնց կա՛մ չի կարողացել, կա՛մ չի ցանկացել հակադարձել:
«Իր հայտարարություններով Փաշինյանն այսօր արդարացնում է Ալիևի վարած այն քաղաքականությունը, որի հետևանքով նույն Ալիևը չի պահպանել միջազգային իրավունքի հիմնարար կետերը՝ տարածքային ամբողջականության պահպանումը, ինքնորոշման իրավունքի հարգումը և ուժի չկիրառումը: Փաստացի Ալիևն իր քաղաքականությամբ խախտել է այդ 3 կետերը, ու այսօր ՀՀ փաստացի վարչապետը թվարկված արարքների համատեքստում արդարացնում է Ալիևին»,-հավելեց մեր զրուցակիցը: Անդրադառնալով բանակցային գործընթացին Փաշինյանի իշխանության գալուց առաջ, խոսելով այսօր նրա կողմից հնչեցրած նաև այն պնդման մասին, թե «Մադրիդյան սկզբունքներով» Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչվել, Հակոբ Հակոբյանը նշեց, որ եթե ընդհանուր դիտարկենք 2018-ից հետո տեղի ունեցող գործընթացները, կարող ենք միայն մեկ և ակնառու հանգամանքի մասին փաստել:
«Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին իր ասած նախկին իշխանություններից ստացել էր մի ժառանգություն, ըստ որի՝ հայկական կողմը բանակցող կողմ էր, սեղանի շուրջ որպես բանակցության կողմ էր նստած: Նիկոլ Փաշինյանի օրոք ՀՀ իշխանությունները, հայկական կողմը, Արցախի հարցն ուղղակի բանակցության առարկա դարձան: Նիկոլ Փաշինյանի ձեռամբ հայկական կողմը դուրս մղվեց բանակցություններից և դրվեց սեղանի վրա: Այսօր, ցավոք, հայկական կողմը ոչ թե բանակցում է, այլ հայկական կողմի մասին բանակցում են այլ պետությունները, իսկ հիմնական դերակատարն Ադրբեջանի Հանրապետությունն է, Նիկոլ Փաշինյանն էլ պարզապես տրվում է այդ իրադարձություններին:
Հայաստանի իշխանություններից միակ իշխանավորը, որը հայտարարել է, թե ճանաչում է Արցախի Հանրապետությունը՝ որպես Ադրբեջանի մաս, Նիկոլ Փաշինյանն է: Մնացած բոլոր ձևակերպումները, մանիպուլ յացիաները, այս կամ այն փաստարկները նաև այն մասին, թե վատ ժառանգություն է ստացել, զուտ ինքնարդարացման և սեփական հանցագործությունը կոծկելու միջոցներ են: Փաստացի Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միակ ղեկավարն է, որը հայտարարում է, թե Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում: Մնացած մանիպուլ յացիաներին ուշադրություն դարձնելն անիմաստ է, քանի որ ամեն ինչ առավել պարզ է, քան թվում է Նիկոլ Փաշինյանին»,-ընդգծեց Հակոբ Հակոբյանը:
Խոսելով նման հայտարարությունների և, ընդհանուր առմամբ, այս բարդ իրավիճակում նման քաղաքականության շարունակության հնարավոր հետևանքների մասին՝ մեր զրուցակիցը նկատեց. «Նման քաղաքականության շարունակությունը մեզ համար ոչ թե վտանգավոր, այլ կործանարար է: Հայ ժողովրդին այլևս ոչինչ չի մնում, քան փոխել այս իշխանավորներին, որոնք Հայաստանն արդեն ոչ թե անդունդի եզրին են հասցրել, այլ իջեցնում են անդունդի հատակը: Բոլոր ազգային ուժերը, որոնց համար հայկականություն, Արցախ և նման հասկացություններն արժեք են ներկայացնում, այսօր պետք է թոթափեն բոլոր տեսակի ամբիցիաները և այլ խանգարող հանգամանքները, ոտքի կանգնեն և իշխանությունից ուղղակի հեռացնեն այս վարչախմբին, որը Հայաստանի և Արցախի Հանրապետությունները կործանման է տանում: Այսօր արդեն զուտ վտանգների մասին խոսելն ավելորդ է, քանի որ սա արդեն կործանարար գործունեություն է»:
Անդրադառնալով նաև Ալիևի վերջին հայտարարություններին, թե «Ղարաբաղն Ադրբեջանի ներքին գործն է», «Ղարաբաղում ապրող հայերը պետք է կա՛մ ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ փնտրեն բնակության այլ վայր», մեր զրուցակիցը նշեց. «Երևի թե այս ամբողջ պատմության մեջ ամենաբացատրելին թշնամու արարքները, քայլերն են: Մեզ համար պարզ է, որ ադրբեջանական կողմը շարունակելու է իր ճնշումները՝ լինեն դրանք հոխորտանքներ, բանակցության սեղանի շուրջ կամ այլ հանդիպումներում հայկական կողմի վրա մատ թափ տալու դրվագներ, թե ռազմական տարբեր տեսակի սադրանքներ, գործողություններ: Թշնամին ամեն ինչ անելու է, որ վերցնի առավելագույնը և ավարտին հասցնի իր այն մտադրությունները, որոնց համար սկսել է 2020 թվականի 44օրյա պատերազմը:
Մենք բոլորս լավ հասկանում ենք, որ այս պատերազմը չի ավարտվել, այն մինչև օրս շարունակվում է, պարզապես փոխվել են դրսևորման ձևերը: Ու հասկանալի է, որ Ալիևն ամեն ինչ անելու է, որ ստանա առավելագույնը: Այլ բան է, թե հայկական կողմն արդյոք կկարողանա՞ վերակազմակերպվել, վերադասավորվել ու թշնամուն արժանի հարված տալ: Ալիևը որևիցե զարմանալի բան չի անում: Նա իր ռազմական հանցագործությունները սկսել էր 2020 թվականից, ինչն այսօր արտահայտվում է խաղաղ բնակչության ուղղությամբ արձակված կրակոցներով, բլոկադայի միջոցով, երբ 120 հազար մարդու պահում է սովի ու տարատեսակ դժվարությունների մեջ: Պարզապես պետք է կարողանալ ռազմական հանցագործությունների սովոր ու միջազգային որևէ տեսակի իրավունք չհարգող թշնամուն համարժեք պատասխան տալ»:
Իսկ շարունակվող շրջափակման մեջ գտնվող Արցախում, Հակոբ Հակոբյանի խոսքով, այսօր արդեն շատ ծանր է իրավիճակը: «Արդեն 5-րդ ամիսն է, որ Արցախը գտնվում է տոտալ բլոկադայի մեջ: Բնական է, որ շրջափակումն իր հետ տարատեսակ խնդիրներ է բերելու Արցախի բնականոն կյանքում: Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր արցախցի հասկանում է, որ այստեղ զուտ հումանիտար և զուտ հացի խնդիր չէ, իսկ արցախցին բազմիցս ցույց է տվել, որ պատրաստ է հանուն Արցախի հայկական լինելուն զոհաբերել իր հարմարավետ կյանքը: Նույնը նաև հիմա է: Այլ է, թե Արցախի Հանրապետության իշխանությունները որքանով են կարողանում համարժեք արձագանքել այս իրադարձություններին, դրանց համարժեք գործողություններ կատարել: Ցավոք, այսօր Արցախի իշխանությունները նույնպես չեն կարողանում ադեկվատ վարքագիծ դրսևորել, որը բացասական էլ ավելի մեծ ազդեցություն է ունենում հասարակության վրա, քան բուն բլոկադան»,-եզրափակեց Հ. Հակոբյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում