Բեյսբոլի գլխարկ՝ սպորտից շոու բիզնես ու քաղաքականություն․ «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է
Կիզիչ արևի տակ խաղերը վտանգավոր են ու անտանելի, գլուխը պետք է պաշտպանել ու ինչ-որ բանով ծածկել։ Բայց այն ծղոտե գլխարկները, որոնք ի սկզբանե կրում էին մարզիկները, բոլորովին անարդյունք էին ու անհարմար: Ուստի, «New Era» ընկերությունը, որպեսզի լրացնի այդ բացը, ներկայացրել է հատուկ գլխարկ՝ լայն հովարով, որը պետք է պաշտպաներ խաղացողներին արևից և նաև դառնար թիմի համազգեստի տարր։ Հետագայում՝ 1970-1980-ական թվականներին, բեյսբոլի գլխարկների ժողովրդականությունը մեծ թափ է ստացել շնորհիվ թիմերի հավատարիմ երկրպագուների, որոնք սկսել են կրել նույն գլխարկները՝ ի նշան իրենց սիրելի թիմին աջակցության:
Հետագայում՝ անցած դարի իննսունականներին, Կորեան է սկսել բեյսբոլ ի գլխարկների (բեյսբոլկա) մասսայական արտադրությունն ու նպաստել այդ աքսեսուարի տարածմանն ամբողջ աշխարհում՝ հատկապես նախկին ԽՍՀՄ երկրներում: 90-ականներին բեյսբոլի գլխարկներն ավելի բազմազան են դարձել՝ բաժանված ըստ տեսակների: Ժամանակի ընթացքում հագուստի ոլորտում նորաձևությունն ու մշակույթը զարգացել են, մարդիկ սկսել են մեծ նախապատվություն տալ ամուր նյութից պատրաստված բարձրորակ իրերին, որոնք չնայած ավելի թանկ են, բայց արդարացնում են իրենց գինը։ Գլխարկը զգեստապահարանի նույնքան կարևոր տարր է դարձել, որքան կոշիկն ու վերնահագուստը, դրա ընտրությանը սկսել են լուրջ մոտենալ։
Եթե նախկինում նույնիսկ ուշադրություն չէին դարձնում դրան, ապա ներկայում գլխարկը կարևոր է հատկապես նորաձևությանը հետևողների համար։ Բեյսբոլի գլխարկները սիրել են ոչ միայն սովորական մարդիկ, այլ նաև հայտնիները: Սթիվեն Սփիլբերգն է եղել բեյսբոլի գլխարկների երկրպագու։ Սփիլբերգի կերպարն առանց այդ գլխարկների ամբողջական չէ, դրանք լրացնում են նրա ջինսերն ու սպորտային կոշիկները։ Հանրահայտ հեռուստալրագրող Մատվեյ Գանապոլսկին ևս նման գլխարկների երկրպագու է, որով էլ վարում է հաղորդումները։ Նա գլխարկների մի ամբողջ հավաքածու ունի, ավելի քան երկու հարյուր հատ՝ պարզից մինչև ամենաօրիգինալը, զարդարված քարերով կամ ուլունքներով, ներկված մուլտֆիլմերի հերոսներով: Քաղաքական գործիչները նույնպես չեն շրջանցել այդ տենդենցը, որոնք ժողովրդին ավելի մոտ լինելը ցույց տալու համար հաճախ են իրենց կերպարը լրացնում այդ աքսեսուարով։
Հիշեք Դոնալդ Թրամփի՝ տարբեր դիզայնի բեյսբոլի կարմիր գլխարկները, որոնցով նա սիրում էր լուսանկարվել իր կողմնակիցների հետ հանդիպումների ժամանակ: Անհնար է չհիշել Նիկոլ Փաշինյանի տխրահռչակ «Դուխով» մակագրությամբ բեյսբոլի գլխարկը իշխանափոխության ընթացքում և դրանից հետո մի կարճ ժամանակ: Մյուս քաղաքացիները ևս դեմ չեն թրենդային լինելուն և իրենց կերպարը լրացնում են բեյսբոլի գլխարկով, հատկապես ամառային օրերին, քանի որ այն ոճային տեսք է տալիս, նաև պաշտպանում է արևից: Ներկայում բեյսբոլի գլխարկները հաստատապես են մտել մեր կյանք և առաջատար դիրք են գրավել գլխարկների տեսականու մեջ, քանի որ համատեղում են հարմարավետությունն ու ճաշակի զգացումը: Երեխաներից մինչև տարեցների, սովորական մարդկանցից մինչև հայտնիների և նույնիսկ նախագահների այդ թվացյալ պարզ, բայց այդքան պրակտիկ գլխարկը դեռ չունի մրցակցային իր նմանակը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում