Ինչ մեթոդների ասես, որ չեն դիմում Հոլիվուդի աստղերը միմյանցից տարբերվելու համար: Նրանք պայքարում են ոչ միայն տարբեր մրցանակների, ամուսնալուծությունների քանակի, այլև տարբեր անսովոր անուններ հնարելու համար: Արդյունքում՝ տուժում են երեխաները: Դատեք ինքներդ, հաճելի կլինե՞ր, եթե Ձեզ կոչեին, ասենք, Հրթիռ կամ Խնձոր: Աստղային երեխաների որոշ անուններ պարզապես ապշեցնում են: Հոլիվուդում հատկապես սիրված են ծաղիկները, մրգերը, շաբաթվա օրերը, նույնիսկ «համակրելի» տեխնիկայի մասերը:Оrer.am-ը Ձեզ է ներկայացնում համաշխարհային աստղերի երեխաների ամենատարօրինակ անունները:Բեյոնսեն ու Ջեյ Զին իրենց դստերն անվանել են Կապույտ Բաղեղ (Blue Ivy), իսկ թե ինչո՞ւ, չկա ոչ մի բացատրություն:
Վիկտորյա և Դևիդ Բեքհեմները կարծես թե ավելի վառ երևակայություն ունեն: Նրանք իրենց որդուն կոչել են ոչ ավել, ոչ պակաս Նյու Յորքի թաղամասերից մեկի անունով` Բրուքլին (Brooklyn): Վիկտորյան խոստովանել է, որ այդ թաղամասում է սաղմնավորվել փոքրիկը: Իսկ իրենց մյուս դստերը նրանք կոչեցին Հարփեր Յոթ (Harper Seven): Անվան առաջին մասը Վիկտորյան ընտրել է ի պատիվ իր սիրելի գրող Հարփեր Լիի, ով «Սպանել ծաղրասարյակին» վեպի հեղինակն է: Իսկ անվան մյուս մասի հետ կապված բացատրություններ տվեց ինքը` Դևիդ Բեքհեմը. «7-ը պարզապես լավ ու հաջողակ թիվ է»:
Նիկոլ Քիդման և Քեյթ Ուրբան զույգն իրենց դստերը կոչել են Կիրակնօրյա Վարդ (Sunday Rose): Դերասանուհին անվան ընտրությունը շատ պարզ է բացատրել. «Կիրակին իր սիրած օրն է»: Թոմ Կրուզն ու Քեթի Հոլմսն էլ իրենց դստերը կոչել են Սուրի, որը պարսկերենից թարգմանաբար նշանակում է «Կարմիր Վարդ», իսկ եբրայերենից` «Արքայադուստր»: Ամեն դեպքում, սա ավելի նուրբ ու քնքուշ անուն է:Գվինեթ Փելթրոուն ողջ աշխարհին ստիպեց գուշակություններ անել իր դստեր անվան վերաբերյալ: Նա դստերը Խնձոր (Apple) անվանեց: Իսկ գուշակությունները բավական շատ էին՝ համանուն կորպորացիայի «կենդանի» գովազդից մինչև այնպիսի անհեթեթություններ, իբր թե ապագա մայրիկը հղիության ժամանակ պարզապես կարոտել է թթվաշ խնձորը: Դերասանուհին ինքը պարզաբանում է, որ խնձորը հիանալի միրգ է, այն քաղցրահամ է, օգտակար և ամենակարևորը, անքակտելիորեն կապված է Դրախտի հետ:
Բայց սա դեռ ամենը չէ: Երևի, երբ արդեն երևակայությունը սկսում է սահմաններ չճանաչել, աստղերը կապում են աչքերը, պտտում գլոբուսն ու մատը դնում առաջին իսկ պատահած տեղի վրա: Այդ տեղի անվանումն էլ դառնում է խեղճ երեխայի անունը: Ուրիշ ի՞նչ կերպ կարելի է բացատրել, օրինակ՝ Ալիսիա Քեյսի և Սվիզ Բեթսի որդու անունը` Եգիպտոս Դոդե Դին (Egypt Dauode Dean): Զույգը մինչ օրս բացատրություն չի տվել, թե ինչո՞ւ են այդ անունն ընտրել:
Տեղանունների թեման շարունակվում է նաև Գվեն Ստեֆանի և Գևին Ռոսդեյլն զույգի մոտ: Որդին` Զումա Նեստա Ռոկ Ռոսսդեյլը (Zuma Nesta Rock Rossdale), այդ անունը կրում է Մալիբուի Զումա լողափի պատվին, որտեղ ժամանակին հայրը հասկացել է, որ ուզում է ռոք աստղ դառնալ: Իսկ նրա եղբայր Քինգսթոնը (Kingston) այդ անունը ստացել է Ճամայկայի մայրաքաղաքի պատվին: Հայերի «պարծանք» Քիմ Քարդաշյանի ու նրա սևամորթ ամուսնու` Քանյե Ուեսթի, աղջիկն էլ կրում է հորիզոնի կողմերից մեկի անունը՝ Հյուսիս(North):Մերայա Քերին և Նիկ Քենոնը կարծես թե «ալարել են տանից դուրս գալ» և իրենց որդուն կոչել են Մարոկկան Սքոթ (Maroccan Scott): Տղայի երկրորդ անունը սովորական անուն է, իսկ առաջինը նշանակում է Նյու Յորքում Մերայա Քերիի առանձնատան ոճը, որը կահավորված է մարոկկոյան ոճով, դրա համար էլ կոչվել է Moroccan Room: Հենց այդ սենյակում է Նիքն առաջարկություն արել իր սիրելիին: Հնչեղ անուն է ստացել ռոք երգիչ Բրենդոն Ֆլաուերսի երեխան` Հրետաձիգ (Gunner), ինչպես նաև ռեժիսոր Ռոբերտ Ռոդրիգեսի որդին` Հրթիռ (Rocket) և դերասան Ջեյսոն Լիի որդին` Օդաչու Հրահանգիչ (Pilot Inspector): Իսկ Շոն Փենն ակտիվ երեխային շատ հարմար անուն է ընտրել` Թռվռացող Ջեք (Hopper Jack): Բայց երեխայի ակտիվությունն այստեղ իրականում կապ չունի, քանի որ նա իր անունն ստացել է ընտանիքի մտերիմ ընկերների պատվին` Դենիս Հոփերի և Ջեք Նիքոլսոնի:Նիկոլաս Քեյջը որդուն Կալ-Էլ (Kal-El) է անվանել: Կոմիքսների սիրահարները երևի գլխի ընկան, որ ծնվելիս հենց այդպես են անվանել Սուպերմենին: Եթե թեման շարունակենք, ապա տարօրինակ անունների ցուցակով կարող ենք մի ամբողջ գիրք գրել, քանի որ աստղային երևակայությունը սահմաններ չունի: Նրանք շարունակում են ու դեռ երկար կշարունակեն մեզ զարմացնել իրենց մտքի թռիչքով: Միգուցե հասարակ մահկանացուներիցս հենց դրանով են առավել, որ աստղ են ու կարող են անել ինչ խելքներին փչի:Ռազմիկ ՄարտիրոսյանОrer.am