Ես կենտրոնացրել եմ իմ կյանքը ոչ թե սրտի մեջ, որ փշրվում է, ոչ թե զգայարանների մեջ, որոնք բթանում են, այլ ուղեղի մեջ, որը չի մաշվում և բոլորից երկար է ապրում:
Միտքը բոլոր գանձերի բանալին է, նա ձեզ տալիս է ժլատի բոլոր ուրախությունները, բայց առանց նրա մտահոգությունների:
Ազատությունը ծնում է անիշխանություն, անիշխանությունը տանում է դեպի բռնապետություն, իսկ բռնապետությունը նորից տանում է դեպի ազատություն:
Սահմանադրության անմիջական հետևանքը մտքերի տափակացումն է:
Բացարձակ ազատությունը ազգերին տանում է դեպի ինքնասպանություն:
Հասարակական կարծիքն ամենաանբարոյականն է բոլոր պոռնիկներից:
Հին կրոնները լոկ հանդիսանում են ֆիզիկական հաճույքի երջանիկ զգացումը, իսկ մենք զարգացրել ենք հոգին ու հույսը. այստեղ առաջադիմություն կա:
Մի մարդու մասին դատելու համար պետք է առնվազն ներթափանցել նրա մտախոհությունների, մտատանջությունների, մտահուզությունների գաղտնարանը: Հետաքրքրվել միայն նրա կյանքի արտաքին դեպքերով, այդ նույնն է, թե կազմել ժամանակագրական աղյուսակ, գրել պատմություն ի պետս հիմարների:
Գուցե կանայք սիրում են մեր մեջ մի քիչ կեղծավորություն տեսնել:
Կանայք իրենց մտքի ինչ-որ առանձնահատկությամբ, սովորաբար տաղանդավոր մարդու մեջ տեսնում են միայն նրա թերությունները, իսկ հիմարի մեջ` միայն նրա արժանիքները. նրանք մեծ համակրանք են տածում հիմարի արժանիքների նկատմամբ, քանի որ դրանք շոյում են իրենց սեփական թերությունները, մինչդեռ բարձր կոչման տեր մարդը նրանց չի կարող պաճառել այնպիսի ուրախություններ, որոնք հակակշռեին նրա թերություններին:
Հոգով, սրտով իսկական կինը հլու-հնազանդ հետևում է նրան, որի մեջ տեսնում է իր կյանքը, իր ուժը, փառքը, երջանկությունը:
Գիտնականին անհրաժեշտ անդորրության ու լռության մեջ կա ինչ-որ քաղցր, արբեցուցիչ բան, ինչպես սերը:
Մտքի աշխատանքը, գաղափարների որոնումը, գիտության խաղաղ հետազոտությունները մեզ պարգևում են անասելի, անբացատրելի բերկրանքներ, ինչպես այն ամենը, ինչ առնչություն ունի իմացականության հետ, որի գործունեությունը աննշմարելի է մեր արտաքին զգայարանների համար:
Մարդ ուժեղ է, երբ գիտակցում է իր թուլությունը:
Տղամարդիկ, որոնք կանանց մեջ միայն կին են տեսնում, ամեն երեկո կարող են կանանոցին վայել հաճեր գնել և էժան գնով զվարճանալ:
Բավական է, որ երիտասարդը հանդիպի մի կնոջ, որը իրեն չի սիրում կամ` որը իրեն շատ է սիրում, որպեսզի խանգարվի նրա ամբողջ կյանքը:
Չվճարված պարտքը ստորություն է, խաբեության սկիզբն է, ավելի վատ, քան ստախոսությունն է:
Հիվանդությունը պատահականություն է, իսկ անմարդկայնությունը` ախտավորություն:
Բոլոր գիտությունների բանալին անվիճելիորեն հանդիսանում է հարցական նշանը: Մեծ գյուտերի մեծ մասը մենք պարտական ենք ինչպես հարցին: Կյանքի իմաստությունը, թերևս, նրանում է, որ մարդ ամեն դեպքում հարցնի` ինչու: Բայց, մյուս կողմից, ամեն ինչ նախատեսելու խնամյալ սովորությունը խորտակում է մեր պատրանքները:
Կարեկցույթունն այն զգացումն է, որ մարդ ամենից դժվար է հանդուրժում, հատկապես երբ նա արժանի է կարեկցության: Ատելությունը ամրապնդիչ է, կենարար է, նա վրեժխնդրություն է ներշնչում, բայց կարեկցությունը սպանում է, նա ավելի է թուլացնում մեր թուլությունը: