Ինչո՞ւ են Չարենցի ժառանգներն արգելում նրա որոշ գործերի տպագրությունը
КультураՄարտի 13-ը հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան օրն է: Այդ առիթով այսօր լրագրողներին են հանդիպել գրականագետներ Հովիկ Չարխչյանը և Արքմենիկ Նիկողոսյանը,- հայտնում է Orer.am-ը: «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, որ չարենցյան հրատարակությունները բարդ են, քանի որ գրողի անվան շուրջ կան բազմաթիվ առեղծվածներ: «Անկախության շրջանում մատների վրա կարելի է հաշվել Չարենցի տպագրված գրքերը»,- ասաց գրականագետը և հավելեց, որ չարենցագետների խնդիրն էˋ ներկայացնել Չարենցի գործերը բազմահատորյակներով այնպես, որպեսզի նա ընկալվի հասարակության և գիտական շրջանակների կողմից: Արքմենիկ Նիկողոսյանը պնդում է, որ Չարենցի յուրաքանչյուր խոսք պետք է տպագրվի, անգամ, եթե խոսքն էրոտիկ և պոռնոգրաֆիկ բնույթի բանաստեղծությունների մասին է: «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիրն ասաց, որ կան որոշ գործեր, որոնք գրողի ընտանիքն արգելել է տպագրել, քանի որ դրանցում արտացոլված են միջանձնային բարդ հարաբերություններ: «Ակնարկները, որոնք արված են այդ ստեղծագործություններում, հստակ ուղղված հասցեատեր ունեն և դրանք միանգամից հասկանալի են դառնում: Այդ է պատճառը, որ Չարենցի ժառանգներն արգելել են դրանց տպագրությունը»,- ընդգծել է Արքմենիկ Նիկողոսյանը: Գրականագետ Հովիկ Չարխչյանն էլ ասաց, որ մեծ բանաստեղծի ձեռագրերի որոնումը բնագիտական աշխատանքներ է հիշեցնում, որոնց ընթացքում սկզբում պետք է ուսումնասիրել տեղանքը, ապա նյութը: «Տարիներ շարունակ Եղիշե Չարենցի գործերի որոնման միակ տեղանքը եղել է միայն Հայաստանը, որը սահմանափակ աղբյուր է», - շեշտեց Հովիկ Չարխչյանը: Գրականագետի խոսքով՝ մոսկովյան բազմաթիվ աղբյուրներ կան, որոնցում պատմվում է Եղիշե Չարենցի 30-ականների գործունեության մասին հետաքրքիր դրվագներ: Ըստ պարոն Չարխչյանի՝ շուտով տպագրության կհանձնվեն Չարենցի արտասահմանյան խոշոր գրողների հետ ունեցած զրույցների սղագրությունները:
Լևոն Փանոսյան