Ավելի ճիշտ չի՞ լինի, եթե «ազգիս փրկիչները» սովորեցնելու փոխարեն սովորեին...
ПолитикаԵթե մեկին մեղադրում են սադրիչ լինելու, սադրանքներ անելու մեջ, բնականաբար, այդ մեկը, որպես պաշտպանություն, նույն մեղադրանքը պետք է ներկայացնի իրեն մեղադրող կողմին: Հիմա էլ Ժիրայր Սեֆիլյանը և իր ղեկավարած «Հիմնադիր խորհրդարանը» իրենց դեմ արտահայտած բոլոր կարծիքները, նույնիսկ իրենց օգտին չխոսող լուրերը համարում են իշխանությունների սադրանք:
Նույնիսկ Ֆրանսիայի և Վատիկանի հատուկ ծառայությունների՝ ապրիլի 24-ին Հայաստան ժամանելու համար ՀՀ իշխանություններից անվտանգության երաշխիքներ պահանջելու մասին լուրերը Սեֆիլյանը փորձում է համարել կեղծ՝ այսպիսով համառորեն արդարացնելով ապրիլի 24-ին նախատեսված իրենց անընդունելի միջոցառումը: Ոչ միայն արդարացնում են, այլ նույնիսկ շարունակվում է թռուցիկների բաժանման գործընթացը, կոչ է արվում քաղաքացիներին՝ միանալ իրենց, ապավինել իրենց փրկությանը:
Պարզապես նախանձել կարելի է «Հիմնադիր խորհրդարանի» միամտությանն ու հավատքին առ այն, որ իրանց, միգուցե, իսկապես հավատում են, որ իրենց միանալ ցանկացողները շատ կլինեն, մանավանդ այն դեպքում, երբ տեղեկատվություն ստանալու այսպիսի հնարավորությունների պայմաններում բազմաթիվ քաղաքացիներ վաղուց արդեն հնարավորություն են ունեցել իրենց համար բացահայտել «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին, նրանց գործունեության նպատակը, նրանց՝ ում կողմից ուղղորդված լինելը, ում շահերը սպասարկելը: Իսկ չեմ նախանձի ես այն մարդկանց, ովքեր իրենց համար որպես փրկիչ կընդունեն օրինակ Կարո Եղնուկյանին, Գարեգին Չուգասզյանին...
Իհարկե, պետք է նշեմ, որ նման մարդիկ իրականում փոքրամասնություն են, այդ պատճառով էլ «Հիմնադիր խորհրդարանի» «փրկչական առաքելությունները» սովորաբար տապալվում են: Ի դեպ, Արցախ էլ նրանք գնում էին իբրև արցախցիներին «փրկելու», նրանց «դեմոկրատիա» սովորեցնելու նպատակով: Այդ կապակցությամբ մի դիտարկում պետք է անեմ. Ստեփանակերտում նախագահի նստավայրը և Ազգային Ժողովի շենքը, ի տարբերություն աշխարհի բազմաթիվ երկրների, ցանկապատված չեն, և յուրքանչյուր քաղաքացի կարող է մոտենալ, նույնիսկ մտնել այդտեղ, յուրաքանչյուր քաղաքացի կարող է ազատ շփվել իր պատգամավորների և իր երկրի նախագահի հետ, որոնք, ի դեպ, Ստեփանակերտում շրջում են առանց թիկնապահների, և հայտնել իրեն մտահոգող խնդիրների մասին:
Եվ ահա այսքանը տեսնելով̀ հարց է առաջանում՝ Արցախի նման երկրին և Արցախի հասարակությա՞նը «փրկիչները» պետք է ժողովրդավարական արժեքներ սովորեցնեին: Ավելի ճիշտ չի՞ լինի, եթե «ազգիս փրկիչները» սովորեցնելու փոխարեն սովորեին Արցախի բնակիչներից, քանի որ, իմ կարծիքով, իրոք, սովորելու շատ բան ունեն:
Կարեն Վարդանյան
Orer.am, վերլուծաբան