Օրինականացված թալան
Аналитика«Երևան-Ջուր» ընկերության կողմից հին ջրաչափերը նորերով փոխարինելու մասին որոշումները թեպետ մեծ դժգոհություններ են առաջացրել քաղաքացիների շրջանում, բայց դժգոհությունների հասցեատերը կարծես թե ավելի շատ մասնավոր ընկերությունն է:
Այնինչ «Երևան-Ջուրը» ընդամենը կատարում է օրինականացված թալանը, քանի որ այդ չարաբաստիկ սարքերը, ըստ մեր Կառավարության համապատասխան որոշման, պետք է ձեռք բերվեն և տեղադրվեն հենց բաժանորդների կողմից, որովհետև դա իբրև թե բաժանորդի սեփականությունն է: Այլ հարց է, թե ի սկզբանե բաժանորդն արդյո՞ք ուզում էր իր հաշվին նման սեփականություն ունենալ, թե՞ դա նրան պարտադրել էին:
Այսինքն, պատկերը հետևյալն է՝ Հայաստանում Կառավարությունը մասնավոր ընկերությունների գործունեությանը վերաբերող որոշումներ սահմանելիս կարծես թե հաշվի է առնում միայն ընկերության շահերը, և, չգիտես ինչու, հաշվի չի առնում սպառողների շահերը: Այս պարագայում ցանկացած ընկերություն պետք է օգտվի այդ պայմաններից և իրականացնի օրինական թալանը՝ տվյալ դեպքում յուրաքանչյուր ընտանիքի ֆինանսական բեռն այդ ամիս ավելացնելով մոտ 15 հազար դրամով: Բողոքելը, իհարկե, տեղին է, բայց հասցեատիրոջը պետք է ճիշտ ընտրել, որովհետև մենք գործ ունենք ընդհանուր համակարգային խնդիրների հետ, և պահանջ կա համակարգային բարեփոխումների, վերանայելու պետության ու մասնավորի դերը, տարբեր ընկերությունների գործունեության պայմանները, լիազորությունները: Հակառակ դեպքում ամենաթողությունը միշտ էլ անխուսափելի է լինելու, մանավանդ եթե այդ ամենաթողությունը պաշտպանված է օրենքով:
Իսկ կոնկրետ այս դեպքում ջրաչափերը փոխելու համար «Երևան-Ջուր» ընկերությանը մեղադրելը անիմաստ է, որովհետև ի սկզբանե հաստատված է եղել, որ սարքի ստուգաչափման պարբերականությունը սահմանված է 12 տարի: Այնպես որ ամեն ինչ օրինական է, նույնիսկ եթե դա թալան է: Ավելի լավ է մտածել Կառավարության համապատասխան որոշումները վերանայելու վերաբերյալ հարցեր առաջ քաշելու մասին:
Կարեն Վարդանյան
Orer.am, վերլուծաբան