Ավետիսյանների ողբերգական սպանությունը 2.5 ամսում կարող էր բացահայտվել. Լևոն Բարսեղյան
ОбществоԳյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում մասնակիցների և ոստիկանների միջև իրականացված բախումների գործով մեղադրանք առաջադրված երիտասարդներն արտագնա աշխատանքով զբաղվողներ են,- հայտնում է Orer.am-ը:
Ըստ Բարսեղյանի` այդ մարդիկ կարծես թե պատանդ վերցված լինեն:
«Խոպանի տոմս գնած, տոմսը հետ տված և այժմ տանը նստած մարդիկ են նրանք: Բախումների օրը ոստիկանները փողոց էին դուրս եկել առանց սաղավարտների: Հենց, օրինակ, այն ոստիկանը, որի գլուխն էր պատռվել, չի ներկայացել և չի ասել, որ ոստիկան է»,-նշում է Լևոն Բարսեղյանը:
«Բարսեղյանը նշեց, որ հունվարի 15-ին ոստիկանների գործողություններն ապօրինի են եղել, իսկ ցուցարարները ոստիկան ծեծելու մտադրությամբ չեն փողոց դուրս եկել, նրանք ընդամենը պաշտպանվել են»,- ասաց նա:
Խոսելով Ավետիսյանների սպանդի դատավարության մասին՝ «Ասպարեզ» ակումբի նախագահն ասաց, որ հանրության պահանջները և սպասելիքները չեն արդարացվում, գլխավոր դատախազն էլ անվերջ նամակներ է գրում ՌԴ-ի իր գործընկերոջը, որոնք ապարդյուն են անցնում: Բարսեղյանի կարծիքով՝ Ավետիսյանների 7 զոհերը պետք է ունենային նվազագույնը մեկական փաստաբան, որպեսզի գործի վերահսկողությունը պատշաճ լիներ:
Բարսեղյանը եզրափակեց. «Մարդկանց արդյունքն է հետաքրքրում: Բոլոր նրանք, ովքեր մեղավոր են՝ պետք է կրեն իրենց պատիժը: Ես կարծում եմ` 2,5 ամսում այդ գործը պետք է բացահայտած լինեին»:
Լևոն Փանոսյան