Դեմ լինելը մոդայիկ է այսօր, ռեյտինգաբեր
АналитикаՀամացանցում իրադարձություններին հետևելիս տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում կա մարդկանց մի խումբ, որոնք իրենց կյանքի գերագույն նպատակը դարձրել են դեմ լինելը: Կարևոր չէ, թե ինչին են դեմ, կարևորը, որ դեմ լինելը մոդայիկ է այսօր, ռեյտինգաբեր, դա պարզապես ապրելակերպ է: Սա նույնպես ընդդիմամոլության դրսևորումներից մեկն է, որին, կարծում եմ, նույնիսկ գիտությունն անզոր է բացատրություն տալ:
Հիմա դեմ լինելու «մոդայով» շարժվողները իրենց կյանքն իմաստավորելու նոր առիթ են գտել՝ դեմ լինել «Կարին» ավանդական երգ-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի նախաձեռնությանը՝ հանրակրթական դպրոցներում ազգային երգ ու պար դասավանդելու մասին: Եվ ահա մարդկանց այս խումբը ոչ միայն դեմ է, այլ նաև ստորագրահավաք է սկսել Գինոսյանի նախաձեռնության դեմ:
Այս ամենին ես տեսնում եմ երկու բացատրություն՝ առաջինը, որ որոշ ընդդիմամոլներին ուղղակի դեմ լինելու թեմա է պետք, և սա արվում է ոչ գիտակցաբար, և երկրորդը, որ ավելի վտանգավոր ու ցավալի է՝ այս մարդիկ դեմ են հենց գիտակցելով, և դեմ են, որովհետև այն, ինչ դասավանդվելու է դպրոցներում՝ ըստ Գինոսյանի նախաձեռնության, ազգային է: Այսինքն, ազգի մի շարք ներկայացուցիչներ դեմ են ազգայինին, և այդ ատելությունն այն աստիճան է բորբոքված, որ նույնիսկ դիմում են ստորագրահավաք անցկացնելու մեթոդին:
Անձամբ ինձ համար անհասկանալի է, թե ինչը կարող է վատ լինել դպրոցներում ազգային երգ ու պարի դասվանդման մեջ, ի՞նչ վատ է, որ դպրոցահասակ երեխաներին կհաղորդվի ազգային ոգի, և թեկուզ այն, որ երեխան արդեն դպրոցական տարիքից կսովորի իրական հայկական երգը տարբերել թուրքա-ադրբեջանական մուղամներից ու կլկլոցներից...
Իսկապես որ անհասկանալի է այս բողոքը, զուրկ որևէ տրամաբանությունից, և ուրախությամբ պետք է փաստեմ, որ ստորագրահավաքին միացողների թիվը բավականին փոքր է, և նախաձեռնությունը համապատասխան մարմինների կողմից նույնիսկ ուշադրության չի արժանանա:
Կարեն Վարդանյան
Orer.am, վերլուծաբան