Ի՞նչ են ստել քաղաքական գործիչները Հայաստանում
ПолитикаOrer.am-ն ապրիլի1-ին զրուցել է հասարակական-քաղաքական մի քանի գործիչների հետ և ճշտել՝ որն է, ըստ նրանց ,վերջին շրջանի ամենամեծ քաղաքական բլեֆը:
«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ բուրժուա-դեմոկրատական հեղափոխության գաղափարն է, որովհետև բուրժուաները չեն կարող դեմոկրատների հետ հեղափոխություն անել Հայաստանում: Ես ժամանակին գրել էի, որ բուրժուաները կես ճանապարհին կանգնելու են, իսկ դեմոկրատները ծեծ են ուտելու: Երկրորդ բլեֆը Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելն էր և այն պնդումը, որ դրանով փոփոխություններ են սպասվում: Սա պարզապես ներկլանային պայքար էր: Իսկ ամենամեծ բլեֆը սահմանադրական բարեփոխումներն են»:
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի դիտարկմամբ էլ բլեֆ են որոշ ընդդիմադիրների իշխանափոխության պահանջները, որոնք արդեն ձգվում են երկար տարիներ: Ըստ նրա՝ ամենամոտը իշխանափոխությանը Հայաստանը եղել է 2008 թվականին:
Պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ժպտալով ասաց. «Այդպիսի խոսակցությունները իմ ժանրից չեն»: Այնուամենայնիվ, մենք նրան խնդրեցինք որպես տնտեսագետ մատնանշել տնտեսական ստերը: Մելքումյանը, մասնավորապես, նշեց. «Պաշտոնական երկու թիվ ունենք 2013 թվականի արտահանման ծավալների վերաբերյալ. վիճակագրական ծառայության կայքում գրված է 1մլրդ 480 մլն, իսկ բյուջետային ուղերձում ՝1մլրդ 636 մլն դոլար: Այսինքն 156 մլն դոլարը չենք հայտնաբերում: Ես չգիտեմ՝ սա բլեֆ է, թե ինչ է, արդեն դուք եզրակացրեք»:
Լևոն Փանոսյան