Արյունը միշտ չէ, որ կարմիր է. իսկ ո՞ւմ արյունն է կապույտ կամ թափանցիկ
LifestyleՄենք գիտենք, որ...
Արյունը կարմիր է, քանի որ այն պարունակում է հեմոգլոբին, և այլ կերպ չի լինում:
Իրականում միշտ չէ այդպես։
Իհարկե, մեծամասամբ կենդանի օրգանիզմների արյունը կարմիր է, բայց կան նաև բացառություններ։ Պարզվում է, որ արյունը կարող է նաև երկնագույն լինել, ինչպես կակղամորթներինը, կամ էլ՝ սպիտակ, ինչպես միջատներինը։ Անգամ այն կարող է լինել սպիտակին մոտ կիսաթափանցիկ, ինչպես սպիտակարյուն կամ սառցային ձկանը։ Իհարկե, կան նաև միջատներ, որոնց արյունը կարմիր է և պարունակում է հեմոգլոբին, բայց հիմնականում միջատների արյունը անգույն կամ թեթև դեղնավուն է և կոչվում է հեմոլիմֆա։ Նրա դերը աղաջրային հավասարակշռության պահպանումն ու նյութերի տեղափոխումն է, բայց ոչ թթվածնի տեղափոխումը։ Թեպետ որոշ խոշոր միջատների հեմոլիմֆայում առկա է լինում լուծված անգույն սպիտակուց՝ հեմոցիանին, որը կապվում է թթվածնի հետ և այն տեղափոխում օրգաններ (այս դեպքում արյունը լինում է երկնագույն)։ Իսկ միջատների շնչառությունը խիստ տարբերվում է այլ կենդանիների շնչառությունից։ Նրանք շնչում են մանր տարածուն խողովակների՝ տրախեաների միջոցով, որոնք ավարտվում են մարմնի արտաքին մակերեսին մանր արտաքին շնչափողիկներով։ Կակղամորթների, օրինակ՝ ութոտնուկի արյունը երկնագույն է, և այստեղ ևս գործում է նույն մեխանիզմը, ինչ երկնագույն արյուն ունեցող որոշ միջատների դեպքում. նրանց մոտ թթվածինը տեղափոխում է ոչ թե երկաթ պարունակող հեմոգլոբինը (արդյունքում՝ կարմիր արյուն), այլ պղինձ պարունակող հեմոցիանինը (արդյունքում՝ երկնագույն արյուն)։
Ինչպես նշվեց, Սպիտակարյուն կամ Սառցային ձկան արյունը կիսաթափանցիկ է։ Հարց է ծագում, թե, օրինակ, ինչպես է այդ դեպքում շնչում Սպիտակարյուն ձուկը, եթե պարզ է, որ նրա արյունը հեմոգլոբին չի պարունակում։ Այստեղ ձկանն օգնում է ֆիզիկայի օրենքը։ Այս ձուկը ապրում է սառը ջրերում, իսկ ինչպես հայտնի է, սառը ջուրը ավելի շատ է պարունակում լուծված թթվածին, քան տաք ջուրը։ Արդյունքում այդ սառցասեր ձուկը օգտվում է դրանից։ Լրիվ բացառելով խռիկների աշխատանքը՝ նրա համար թթվածնի ձեռքբերման աղբյուր է հանդիսանում մաշկային շնչառությունը։ Արդյունքում ձևափոխվել է նաև արյունատար համակարգը. նրա մաշկի մակերևույթի մազանոթները խտացած են և շատ, սիրտը եռակի մեծ է այլ ձկների սրտի համեմատ, արյունը իրենից ներկայացնում է թեթև դեղնավուն պլազմայի խառնուրդ՝ առանց էրիտրոցիտների և հեմոգլոբինի, իսկ արյան շրջանառությունը այնքան ակտիվացած է, որ կարիք չկա հեմոգլոբինի։ Ընդհանրապես, սպիտակարյուն ձկները կազմում են առանձին ընտանիք և այդպես էլ կոչվում են՝ սպիտակարյուն ձկների ընտանիք։ Սրանք հիմնականում հանդիպում են Անտարկտիկայի, Արկտիկայի և Հարավային Ամերիկայի հյուսիսային ջրերում։ Ի դեպ, կապված իրենց յուրահատուկ շնչառության հետ՝ այս ձկները «շնչահեղձ» են լինում, եթե ջրի ջերմաստիճանը բարձրանում է 4 աստիճանից ըստ Ցելսիուսի։
Սառցային ձուկը թանկարժեք արդյունաբերական ձուկ է։ Սրա միսը պարունակում է ավելի շատ կալիում, ֆտոր և այլ միկրոէլեմենտներ։ Այս ձկան ամենակարևոր հատկությունն այն է, որ նրանից ընդհանրապես ձկան հոտ չի գալիս։ Սա կարող են օգտագործել այն մարդիկ, որոնք տանել չեն կարողանում ձկան հոտը։ Ընդ որում, այս ձկան միսը նաև յուղոտ չէ և ունի ցածր կալորիականություն։ Ճապոնիայում այս ձուկը հում են ուտում։ Քանի որ սառցային ձուկը ապրում է էկոլոգիապես ամենամաքուր տարածքներում, նրան կարելի է համարել ամենամաքուր ձկներից մեկը, քանի որ նա չի պարունակում որևէ տոքսին։ Հետաքրքիրն այն է, որ ԽՍՀՄ-ի ժամանակ ձկնարդյունաբերությունը այս ձկներին դասում էր ոչ արժեքավոր ձկների գնային շարքում, այսինքն՝ ամենաէժան ձուկն էր։
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը