Ի՞նչ է ակնարկում Լավրովը.Վաշինգտոնի պատասխանը չուշացավ. «Փաստ»
Политика«Փաստ» օրաթերթը գրում է.
Մոսկվայում ապրիլի 15-ին տեղի ունեցած Զոհրաբ Մնացականյան-Էլմար Մամեդյարով հանդիպումից հետո կարգավորման գործընթացում որոշակի զարգացումներ են ընթանում, որոնք առնվազն պարազաբանումների, հստակեցումների անհրաժեշտություն ունեն։ ԼՂ խնդրի շուրջ բանակցություններն ընթանում են դռնփակ ռեժիմով ու գործընթացի մանրամասներից անտեղյակ հասարակությունը շատ զգայուն է արձագանքում տեղեկատվական ցանկացած արտահոսքի։ Այս համատեքստում վերջին օրերին ստեղծվել է բավականին ուշագրավ մի պատկեր։ Մոսկովյան հանդիպումից հետո ակտիվ հարցազրույցներ է տալիս Ադրբեջանի արտգործնախարարը, դրան արձագանքում են Մոսկվայից, նույնիսկ՝ Վաշինգտոնից, սակայն մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը լռում է։ Իհարկե, շատ հնարավոր է, որ այդ լռությունը որոշակի մարտավարության հետևանք է, մանավանդ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում մի քանի անգամ հանգամանալից խոսել է կարգավորման գործընթացի այս հանգրվանի մասին։
Մյուս կողմից՝ վերջին օրերին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդես է եկել հայտարարությամբ, որն առնվազն կասկածի տակ է դնում Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, թե հայկական կողմը բանակցային գործընթացին մասնակցել է, այսպես կոչված, Ստեփանակերտի օրակարգով։ Մամեդյարովի հայտարարությանը հատուկ չէինք անդրադառնա, մանավանդ, որ Բաքուն տիրապետում է քարոզչական կեղծ մանիպուլ յացիաների զինանոցին (ավելին՝ դա նրանց հիմնական գործելաոճն է), ու շատ հնարավոր է, որ հնչում են հայտարարություններ, որոնք բացահայտում են ոչ թե բանակցային գործընթացի այս հանգրվանի իրական պատկերը, այլ ընդամենը նպատակ ունեն կրքեր բորբոքել Հայաստանում։ Սակայն նախօրեին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաստատել է Մամեդյարովի ավելի վաղ արած հայտարարությունն այն մասին, որ ղարաբաղյան բանակցությունների սեղանին այսօր 2016 թվականի` ռուսական կողմի առաջարկություններն են: Ադրբեջանի արտգործնախարարը ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած եռակողմ բանակցություններից հետո հայտարարել է, թե քննարկում են 2016 թվականի առաջարկությունները: «Ես այստեղ հավելելու բան չունեմ», - Մոսկվայում Սերբիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ադրբեջանցի լրագրողի հարցին պատասխանելիս ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ այս առաջարկությունների մանրամասները գաղտնի են:
Լավրովի հայտարարությունն ուշագրավ է առնվազն մի քանի պատճառով։
Նախ՝ դա հակասության մեջ է մտնում հայկական կողմի այն պնդումների հետ, թե ներկա փուլում բովանդակային բանակցություններ տեղի չեն ունենում, մյուս կողմից՝ այսպես կոչված, «Լավրովի պլանը» որևէ աղերս չունի այն օրակարգի հետ, որի հիմքում Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում ունեցած ելույթի հայտնի թեզերն են։ Կարծում եմ, որ այս հարցում կարևոր են Հայաստանի ԱԳՆ պարզաբանումները, մանավանդ, որ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները նույնպես որոշակի մտահոգություններ են հայտնել կարգավորման գործընթացում նկատվող որոշակի զարգացումների վերաբերյալ։
Մյուս մտահոգիչ հանգամանքն այն է, որ 2015-16թթ.-ին, այսպես կոչված, «Լավրովի պլանը», որի հիմքում «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևն է, լայն դաշտ բացեց ռուս-ադրբեջանական սեպարատ համաձայնությունների համար, որոնք, ի վերջո, հանգեցրեցին քառօրյա պատերազմին։
Ի վերջո, Մոսկվայի միակողմանի նախաձեռնությունները հանգեցնում են համանախագահության ձևաչափի փաստացի չեղարկմանը, ինչը թուլացնում է թեկուզև հարաբերական խաղաղության միջազգային երաշխիքները։ Թերևս այս պնդումը նորություն չէ, ու երեք տարի առաջ մենք տեսել ենք, թե ինչի է հանգեցնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ինստիտուցիոնալ դերակատարության թուլացումը։
Ի դեպ, նկատելի է, որ Արևմուտք-Ռուսաստան գլոբալ հակադրությունը իր որոշակի բացասական ազդեցությունն է թողնում նաև համանախագահության արդյունավետ աշխատանքի վրա։ Նկատելի է, որ ԼՂ կարգավորման գործընթացում որոշակի մրցակցություն կա Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև։ Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հերթական հանդիպումը Վաշինգտոնում անցկացնել:
Սա ակնհայտորեն Վաշինգտոնի պատասխանն է՝ «Լավրովի պլանն» ակտիվացնելու Մոսկվայի ջանքերին։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում