Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կամերունի ԱԳ նախարարի հետ. նախանշեցին երկկողմ համագործակցության ուղիները
ПолитикаՄոնակոյում ընթացող Ֆրանկոֆոնիայի 36-րդ նախարարական համաժողովի շրջանակներում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Կամերունի Արտաքին գործերի նախարար Լեժյոն Մբելա Մբելայի հետ։
Արտգործնախարարները փոխադարձ պատրաստակամություն հայտնեցին՝ համատեղ ջանքերով աշխատել երկկողմ օրակարգի հարստացման եւ հայ-կամերունական հարաբերություններում առկա մեծ ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ։ Այս համատեքստում կարեւորվեցին արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ խորհրդակցությունների անցկացումը եւ բարձրաստիճան շփումների ու փոխայցերի ակտիվացումը։
Հայաստանի եւ Կամերունի ԱԳ նախարարները նախանշեցին երկկողմ համագործակցության ուղիների ընդլայնման շրջանակները։ Որպես խոստումնալից ուղղություններ առանձնացվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, խելացի զարգացման, նորարարության եւ առեւտրատնտեսական ոլորտները։
Նախարար Մնացականյանն իր կամերունցի գործընկերոջը ներկայացրեց նշյալ ոլորտներում Հայաստանի արձանագրած ձեռքբերումները՝ ընդգծելով հայկական կողմի պատրաստակամությունը կամերունյան կողմի հետ նախաձեռնելու ոլորտների անմիջական դերակատարների ներգրավմամբ փորձի փոխանակմանն ուղղված ծրագրեր:
Հայաստանի եւ Կամերունի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները գոհունակություն հայտնեցին միջազգային կառույցների շրջանակներում հաստատված համագործակցության եւ փոխադարձ աջակցության կապակցությամբ։
Այս համատեքստում գործընկերներն առանձնահատուկ անդրադարձան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը՝ որպես ֆրանկոֆոն տարածաշրջանում համագործակցության ընդլայնման եւ հանրության առջեւ ծառացած խնդիրների հասցեագրման կարեւորագույն հարթակի։
Նախարարները քննարկում ծավալեցին Ֆրանկոֆոնիայի նախարարական 36-րդ համաժողովի արդյունքների, Հայաստանի նախագահության առաջնահերթությունների եւ դրանց շրջանակներում նախատեսվող համատեղ աշխատանքների շուրջ: