Թուրք-ադրբեջանական զորավարժություններն առավելապես ուղղված են ո՛չ թե Հայաստանին, այլ՝գերտերություններին
PoliticsՊատմաբան Զոհրաբ Գևորգյանը ԱՄՆ նորանշանակ նախագահ Ջո Բայդենի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մի շարք որոշումների չեղարկումը պայմանավորված է գերտերությունն իր նախկին դիրքի՝ խաղի կանոններ առաջարկող պետության վերադարձին: «Հարավային Կովկասի կայունությունը ևս պայմանավորված է ԱՄՆ արտաքին քաղաքական դիրքորոշումից և քայլերից: Ըստ իս, մեծ հաշվով սպասվում են աշխարհաքաղաքական լուրջ փոփոխություններ: Եվ ակնհայտ է, որ ամերիկյան կողմի դեպի Հունաստան, Վրաստան, Ուկրաինա ուղղված հայացքները խոսում են այն մասին, որ վաղ, թե ուշ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային փոխարինողներ են լինելու: Չի բացառվում, որ այս անգամ ոչ թե ուժերի գերկենտրոնացում լինի մեկ երկրում, այլ ՆԱՏՕ-ական ուժերը բաժանվեն մի քանի երկրների միջև, ինչը կփոքրացի կախվածությունը այդ երկրներից»,- Orer.am-ին ասաց Զ. Գևորգյանը: Խոսելով փետրվարին սպասվող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների մասին, նա նշեց, որ դրանք ավելի շատ ուղղված են ոչ թե Հայաստանին, այլ՝ Ռուսաստանին, ինչպես նաև միջնորդավորված ձևով՝ ԱՄՆ-ին: «Իմ կարծիքով այս ամենի նպատակն այն է, որ Թուրքիան ցանկանում է միջազգային ասպարեզում իրեն դրսևորել որպես առանձին խաղացող, ցանկություն ունենալով աշխատացնել այն խաղաքարտերը, որով կարող է ազդեցություն ունենալ և՛ Չինաստանի, և՛ մյուս գերտերությունների վրա և մեծացնել իր դերակատարումը տարածաշրջանում: Այսինքն՝ տարածաշրջանում գործոն դառնալու տրամաբանության մեջ պետք է դիտարկել Կարսում կազմակերպվելիք զորավարժությունները: Ուշագրավ է, որ այս ամենը քաջ գիտակցելով հանդերձ ռուսական կողմից որևէ ազդակներ չեն հնչեցվում Թուրքիայի հասցեին ո՛չ դիվանագիտական, ո՛չ այլ ձևաչափերով: Սա թույլ է տալիս ենթադրել, որ ռուսական կողմի և Թուրքիայի միջև կա կոնսենսուս: Հակառակ դեպքում Ռուսաստանի արձագանքը չէր ուշանա»,- ասաց Զ. Գևորգյանը:
Արմինե Գրիգորյան