Այլևս որևէ մեկը թույլ չի տա, որ նախկին ավանդույթները վերականգնվեն. Վիգեն Խաչատրյան
SocietyՔաղաքական գործիչ Վիգեն Խաչատրյանը համոզված է, որ Հայաստանում հռչակված ժողովրդավարական սկզբունքներ որդեգրելու ֆոնին, բնական է, որ ցանկացած անձ իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը և օրնական ակցիաներ իրականացնելու և այլն: Եվ այս հարցում նա որևէ խնդիր չի տեսնում, սակայն չի համակերպվում այն մոտեցման հետ, երբ բողոքի ակցիաների ժամանակ ոչ թե իրական ժողովրդավարական քայլեր են իրականացվում, այլ այդ ամենին փորձում են բոլորովին այլ բովանդակություն հաղորդել:
«Համոզված եմ, որ մեր զինվորականությունը չի ներքաշվի քաղքական պայքարի մեջ և հավատարիմ կմնա Սահմանադրությանը: Ինչ վերաբերում է քաղաքական ճգնաժամին, որի մասին վերջին շրջանում շատ է խոսվում, ապա ես չէի ասի, որ Հայաստանում նման ճգնաժամ կա: Անշուշտ, Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք մտել են ճգնաժամի մեջ և չեն կարողանում դրանից դուրս գալ, որը իրենց խնդիրն է»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց Վ. Խաչատրյանը:
Խոսելով «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության մասին, քաղաքական գործիչը նշեց, որ եթե ուշադիր դիտարկենք, թե ովքեր են պայքարում այս երևույթների դեմ, ապա պարզ կդառնա, որ նրանք նախկին կոռումպացված համակարգի պայմաններում իրենց բավական լավ են զգացել, իսկ չկոռումպացված համակարգի պայմաններում սկսել են վատ զգալ:
«Հարթակում հավաքված անձինք սովոր չեն սեփական քրտինքով աշխատելուն և հիմա պայքարում են կորցրածը վերականգնելու համար: Այդ շարժման կազմակերպիչները ռևանշի էին ձգտում, որպեսզի վերականգնեն նախկին կոռումպացված համակարգը: Նրանց նպատակը իշխանության գալը չէ, այլ՝ նախկին համակարգը վերականգնելը: Ես կարծում եմ, որ այլևս նման բոլոր փորձերը դատապարտված են, քանի որ այլևս որևէ մեկը թույլ չի տա, որ մեր քաղաքական հասարակական կյանքում նախկին ավադույթները վերականգնվեն: Ուստի, համոզված եմ, որ այդ շարժումը չի հաջողելու, ինչն, ի սկզբանե էլ տեսանելի էր»,- ասաց Վ. Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է շարժման մասնակիցների ելույթներին, ապա ըստ նրա, այդ ամենը խոսում է այն մասին, որ ոչ կոռումպացված համակարգում շատերը դիսկոմֆորտ են զգում, ինչը բավականին լուրջ հոգեբանական խնդիր է:
«Այդ ամենը ենթագիտակցորեն զգաց հասարակությունը ու այդ պատճառով էլ չգնաց ռևանշիստների հետևից, քանի որ կոռումպացված համակարգի պայմաններում հասարակության ստվար մասը եղել է նսեմացված, նվաստացված վիճակում և հիմա չի ցանկանում, որ հին համակարգը վերականգնվի»,- ասաց Վ. Խաչատրյանը: