Մեր բանակն այն միակ ինստիտուտն է, որի նկատմամբ հասարակությունը վստահություն ունի. Սուրեն Սուրենյանց
ОбществоՀունվարի 28-ը մշտապես մեզ համար ուրույն խորհուրդ է ունեցել, քանի որ հայոց բանակը, թերևս եղել է միակ պետական ինստիտուտը, որի հեղինակությունը միշտ շատ բարձր է եղել: Սակայն, այսօր նախկին ուրախության ու տոնական տրամադրության փոխարեն բոլորին համակել է թախիծը, քանի որ Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ահաբեկչական պատերազմի 44 օրերի ընթացքում ունեցանք բազմաթիվ զոհեր, գերեվարված անձինք:
Հայոց բանակի օրվա առիթով «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը Orer.am-ի հետ զրուցում նշեց, որ անկախ քաղաքական կոնյուկտուրայից, ընդդիմություն-իշխանություն պայքարի կոնտեքստից բանակը մշտապես եղել է բոլորիս հպարտությունը:
«Եվ դա բնական է, քանի որ մեր բանակը ասոցացվել է հաղթանակի, Արցախյան պատերազմի հերոսական դրվագների, նույնիսկ նույնացվել է ազգային երազանքի հետ: Հունվարի 28-ը այդ առումով մշտապես տոնական օր է եղել, անկախ քաղաքական տրամադրություններից և քաղաքական պատկանելությունից:
Այս տարի իրավիճակը մի փոքր այլ է, քանի որ պատերազմի ժամանակ տեղի է ունեցել պարտություն և կապիտուլյացիայի ակտ և, բնականաբար, հանրային պատկերացումները, տրամադրությունները, ամեն ինչի հանդեպ, այդ թվում՝ պետության գաղափարի նկատմամբ մասամբ փոխված են: Բայց, ես կարծում եմ, որ մեր հասարակությունը առաջվա նման վստահությամբ և ակնածանքով է վերաբերվում մեր բանակին, և դարձյալ պնդեմ, որ նույնիսկ այս իրավիճակում, բանակը շարունակում է մնալ այն միակ ինստիտուտը, որի նկատմամբ հասարակությունը ունի վստահություն»,- ասաց Ս. Սուրենյանցը:
Դրա պատճառը, ըստ քաղաքական գործչի, խորքային է, որը զերծ է էմոցիոնալ բաղադրիչից, քանի որ ըստ էության, ոչ թե բանակն է պարտվել, այլ պարտվել է պետության այն մոդելը, որը 25 տարի կառուցել ենք:
«Դա ձախողված մոդել է, քանի որ դրա արդյունքում մենք չենք կարողացել կառուցել արդյունավետ պետություն: Պարտվել ենք 97 թվականին, երբ ըստ էության մերժեցինք արժանապատիվ խաղաղության բանաձևը, մենք պարտվել ենք 1999-ի հոկտեմբերի 27-ին, երբ խորհրդարանի դահլիճում գնդակահարվեց հաղթանակի խորհրդանիշ Սպարապետը, մենք պարտվել ենք դրան հաջորդած 15-20 տարիներին, որովհետև օրվա իշխանությունները ինչքան որ հնարավոր է եղել, մսխել են մեր հաղթանակը: Մենք պարտվել ենք նաև 2018-ին և դրանից հետո, քանի որ հեղափոխության անվան տակ իշխանության եկան մարդիկ, որոնք որևէ պատկերացում չունեին պետության, բանակի, ազգային տեսլականի, ռազմավարական զարգացման մասին: Ես ուզում եմ ասել, որ պատերազմական 44 դժնդակ օրերին մեր բանակը դարձյալ կարողացել է հերոսական էջեր գրել և մեր սպաները, զինվորները դարձյալ իրենց հերոսությամբ են աչքի ընկել: Մեր բանակը չէ, որ պարտվել է, քանի որ մինչև վերջ, արժանապատիվ կերպով պայքարել է թե՛ արտաքին թշնամու և թե՛ մեր ապիկար պետական ու քաղաքական համակարգի պայմաններում»,- ասաց Ս. Սուրենյանցը: