Ճանապարհային ոստիկանության նորամուծությունները օղակաձեւ խաչմերուկներում խառնաշփոթ են ստեղծում
Հասարակությունnews.am-ը գրում է.
Հայաստանի Ճանապարհային ոստիկանության նորամուծությունները որոշ օղակաձեւ խաչմերուկներում խառնաշփոթ, իսկ հաճախ նաեւ՝ վթարային իրավիճակ են ստեղծում։
Վերջերս փոփոխվել են երթեւեկության կանոնները Երեւանի որոշ օղակաձեւ խաչմերուկներում, մասնավորապես՝ Նժդեհի հրապարակի, Անդրանիկի եւ Րաֆֆու փողոցների։
NEWS.am-ը արդեն հարցում է ուղարկել համապատասխան տեսչություն եւ ապագայում նորից կանդրադառնա այդ խնդրին։ Մասնավորապես, անհասկանալի է մնում այն հարցը, թե արդյոք այդ նորամուծությունը տարածվո՞ւմ է բոլոր օղակաձեւ խաչմերուկների վրա։ Հիշեցնենք, որ Հայաստանում գործող ճանապարհային երթեւեկության կանոնների համաձայն, առավելություն է ստանում խաչմերուկ դուրս եկող մեքենան։ Նորամուծությունները նախատեսում են, որ առավելությունը պիտի տրվի արդեն «օղակում» գտնվող մեքենային։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացրել է նորամուծության մասին, բայց տվյալ հայտարարությունը, պարզվեց, բավարար չէր։
Արդյունքում վերոհիշյալ խաչմերուկներում հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես մեքենաների, ինչպես նաեւ հասարակական փոխադրամիջոցների վարորդները չեն ցանկանում ճանապարհը զիջել՝ վտանգելով իրենց եւ ուրիշների կյանքը։
Իրավիճակը բարդացնում է այն հանգամանքը, որ Ճանապարհային ոստիկանությունը սահմանափակվել է միայն հայտարարությամբ եւ համապատասխան զգուշացնող նշանների տեղադրմամբ, բայց ժամանակավոր հերթապահություն չի սահմանել։ Արդյունքում ոչ միայն կոպտորեն խախտվում են երթեւեկության կանոնները, այլեւ վարորդները շարունակում են անտեղյակ մնալ։ Որքան ժամանակ կպահանջվի, որպեսզի վարորդները նման իրավիճակում ծանոթանան նորամուծություններին, առայժմ կարելի է միայն գուշակել։