Բիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքը հայ և օտարազգի ուխտավորների սրբավայր է. Արամ Ա
ՀասարակությունՀայ և օտարազգի ուխտավորներ, Լիբանանից թե արտասահմանից, գրեթե ամեն օր այցելում են Սուրբ Աստվածածին վանք` աղոթելու, հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սուրբ նահատակների համար և իրենց գոհունակությունն արտահայտելու` ի տես հայ ժողովրդի վերածննդի:
«Բիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքն իր եկեղեցիով, Նահատակների խորանով, Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը և հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող հուշարձանով և հարակից վանական կառույցներով դարձել է կրոնական ու ազգային ուխտագնացության սրբավայր»,- այսպես է բնորոշել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Սուրբ Աստվածածին վանքում անցնող օրերի ընթացքում ուխտավորներ ընդունելու ժամանակ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիոս կաթողիկոսության պաշտոնական կայքից:
Սրբալույս մյուռոնի օրհնության առիթով բազմահազար ժողովրդով լի էր Սուրբ Աստվածածին վանքը: Առաջիկա օգոստոսի 15-ին Սուրբ Աստվածածին վերափոխման տոնին և ուխտագնացության առիթով դարձյալ հայ ժողովրդի ուխտավոր զավակները պետք է լցնեն Սուրբ Աստվածածին վանքը:
Ավանդույթի համաձայն` Սուրբ Աստվածածին ուխտագնացությունը կանխող շաբաթվա ընթացքում տեղի կունենան դասախոսություններ, ինչպես աղոթքի և հոգևոր խորհրդածության պահեր Մեծի Տանն Կիլիկիոս կաթողիկոսության քրիստոնեական դաստիարակության բաժանմունքի կազմակերպությամբ: Այս տարի օգոստոսի 10-14-ը Սուրբ Աստվածածին մատուռում, դասախոսություններ տեղի կունենան «Հետևենք Քրիստոսի Աստվածամոր հետքերով» թեմայի շուրջ: Ուրբաթ օգոստոսի 14-ին առավոտյան կսկսվեն մատաղի պատրաստության աշխատանքները:
Օգոստոսի 15-ի երեկոյան Սուրբ Նահատակների բացօթյա խորանի վրա Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի առիթով սուրբ պատարագ կմատուցվի: Արամ Ա Վեհափառ Հայրապետը կնախագահի եկեղեցական արարողությունները և կփոխանցի իր հայրապետական պատգամը: Պատարագի ավարտին տեղի կունենա խաղողի օրհնության և մատաղի արարողություն: