Գեղարքունիքի մարզում ոռոգման ջուրը մատակարարվում է առանց ընդհատումների
ՀասարակությունԳեղարքունիքի մարզի երկրագործական տնտեսություններում շարունակվում է ոռոգման թեժ շրջանը, որով մեղմվում է չոր ու շոգ եղանակի թողած անբարենպաստ ազդեցությունը բանջարբոստանային մշակաբույսերի վրա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի, Մարտունու եւ Գավառի ջրօգտագործող ընկերություններից, հիմնականում ոռոգման ջուրն անխափան հասնում է բնակիչներին, ցանքերը հասցվում են ոռոգվել ժամանակին: Օգոստոսյան տոթ օրերին հիմնականում ոռոգվում են կաղամբի եւ կարտոֆիլի ցանքերը, պտղատու ծառերը:
«Տնտեսություններն արդեն հինգ կամ վեցերորդ ոռոգումն են կատարում: Նման շոգի ու երաշտի պայմաններում հավանաբար եւս երեք-չորս անգամ դեռեւս հարկ կլինի ոռոգել բոստանները: Մեր համակարգում ոռոգումը մոտ 80 տոկոսով կատարվում է մեխանիկական, 20 տոկոսով` ինքնահոս եղանակով: Որոշակի դժվարություն հիմա զգում ենք ինքնահոս ջրամատակարարման դեպքում, քանի որ գետերը հիմնականում սակավաջուր են, իսկ ահա պոմպակայաններն աշխատում են առանց ընդհատումների: Համակարգը նման ծանրաբեռնվածությամբ կգործի մինչեւ սեպտեմբերի կեսերը»,-նշեց «Մարտունի&raqu o; ՋՕԸ նախագահ Թաթուլ Կարապետյանը: Գեղարքունիքում ոռոգումն ընթանում է շուրջօրյա` ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին:
Խոսրով Խլղաթյան