Վալերի Պերմյակովն ընդունեց դասալքության մասով իր մեղքը
ՀասարակությունԳյումրիում ընթացող 5-րդ կայազորային ռազմական դատարանի արտագնա նիստում ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովն ընդունեց դասալքության եւ ապօրինի զենք-զինամթերք կրելու մասով ներկայացված մեղադրանքները:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ ընթացիկ տարվա հունվարի 12-ին՝ ժամը 2-ի սահմաններում, հերթապահող Վալերի Պերմյակովը բազայի տարածքից դիմել է փախուստի՝ իր հետ տանելով ինքնաձիգ, սվին-դանակ եւ 60 փամփուշտ: Իր գործողությունները զինծառայողը կատարել է դիտավորյալ՝ կողոպուտի նպատակով: Ժամը 6-ի սահմաններում նա սպանել էր Ավետիսյանների ընտանիքի անդամներին եւ տանից գողացել գումար եւ ունեցվածք: Մնացած զինամթերքը առգրավվել էր հանցագործության վայրից:
Փաստացիորեն ժամը 2-6-ը Պերմյակովը եղել է զինվորական մասի սահմաններից դուրս՝ մոտն ունենալով զենք եւ զինամթերք:
Դատավարողի հարցին, թե ընդունու՞մ է նա իր մեղքը, Վալերի Պերմյակովը հայտարարեց, որ ամբողջովւին ընդունում է մեղքը: Զինծառայողը նաեւ հայտարարեց, որ հաստատում է քննության ընթացքում տված իր ցուցմունքը: Ընդ որում, նա հրաժարվեց դատարանում ցուցմունք տալուց եւ հարցերին պատասխանելուց: