Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա հատվածի այգու շատրվանները կվերականգնվեն նորովի լուծումներով
ՀասարակությունՔաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում այս տարի ամբողջությամբ բարեկարգվում է Գլխավոր պողոտայի Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շուրջ 2.5 հա զբաղեցնող տարածքում բարեկարգման համալիր մոտեցում է ցուցաբերվում:
Հանգստի գոտին կապահովվի ոռոգման նոր համակարգով, արտաքին լուսավորության ցանցով, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ: Նախագծի համաձայն, միջոցառումներ կազմակերպելու համար այգում կկառուցվի ամֆիթատրոն, նորովի լուծումներով կվերականգնվեն շատրվանները, շուրջ 2500 քմ-ով կավելացվեն կանաչ տարածքները: Դեռևս 1970-ական թվականներին կառուցված այգին բոլորովին նոր տեսքով ու նոր հարմարություններով բնակիչների տնօրինմանը կհանձնվի մինչև այս տարեվերջ: