Սրտի անհետաձգելի վիրահատություններն անվճար իրականացնելու համար հատկացվեց լրացուցիչ 500 մլն դրամ
ՀասարակությունՀՀ կառավարությունը պետպատվերի շրջանակում սրտի անհետաձգելի վիրահատությունների իրականացման նպատակով միջոցներն ավելացրեց 500 մլն դրամով: Այդ նպատակով կառավարությունը թույլատրեց ՀՀ առողջապահության նախարարությանն օգտագործել նախարարության արտաբյուջետային հաշվից 1 միլիարդ դրամ, որից 500 միլիոնը կուղղվի սրտի վիրահատություններին, մյուս մասը զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքների անդամների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման գործընթացը որակյալ կազմակերպելուն և նշված խմբերին մատուցված ծառայությունները լիարժեք ֆինանսավորելուն:
Արմեն Մուրադյանի խոսքով՝ սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը նպատակ ունի կրճատելու սիրտ-անոթային հիվանդություններից մահացության ցուցանիշը: Ծրագրի շրջանակում այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ արդեն բժշկական օգնություն են ստացել, մասնավորապես, վիրահատվել 778 հիվանդներ: Այդ աշխատանքներին բյուջեից հատկացվել էր 510 մլն դրամ: Նախարարն ասաց, որ այդ գումարն սպառվել է, ևս 500 մլն դրամ է անհրաժեշտ՝ մինչև տարեվերջ սրտի խնդիրներով դիմող հիվանդներին սպասարկելու համար:
«Հաշվի առնելով աշխատանքների կատարման տեմպերը՝ մինչև տարեվերջ ծրագրի գերակատարումը կկազմի 500 մլն դրամ: Ծրագիրն արդեն մեծ դրական արձագանք է ստացել բնակչության լայն շրջանակներում, ուստի խիստ կարևորվում է դրա անխափան իրականացումը ողջ տարվա կտրվածքով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Մուրադյանը:
Իր հերթին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ գործադիրը փաստորեն կրկնապատկում է սրտի անհետաձգելի վիրահատություններին ուղղված միջոցները, քանի որ ծրագիրը մեծապես կարևորվում է: