Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաները շարունակվում են
ՀասարակությունՀՀ կառավարության շենքի դիմաց այսօր եւս բողոքի ակցիա էր իրականացվում: Այս անգամ հավաքվել էին «Չենք վճարելու 5%» նախաձեռնության անդամները: Վերջիններս բողոքում էին «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի, մասնավորապես՝ 5 տոկոս դրույքաչափի դեմ: Նշենք, որ ակցիայի մասնակիցների թիվը զգալի քիչ էր, սակայն ինչպես նշեց «Չենք վճարելու 5%» նախաձեռնության անդամ Արսեն Արզանյանը, իրենց համար կարևորը ոչ թե մարդկանց թիվն է, այլ այն, որ կարողանան համապատասխան նամակ հանձնել ՀՀ վարչապետին:
Հիշեցնենք, որ արդեն հուլիսի 1-ից գործում է «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը, որը մեծ աղմուկի եւ բողոքի ակցիաների հետևանքով 2 անգամ հետաձգվել էր:
Ընթերցողներին հիշեցնենք օրենքի փոփոխությունը, ըստ որի՝ ձեռք բերված ապրանքների համար փաստաթուղթ չունենալու դեպքում այսուհետ 3.5 տոկոս հարկն ավելանում է՝ դառնալով 5 տոկոս, իսկ փաստաթուղթ ունենալու դեպքում գործարարների հարկային բեռը 4 տոկոսային կետով նվազում է։
Ինչպես Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց Արսեն Արզանյանը, արդեն 1,5 ամիս է՝ իրենք աշխատում ենքայդ դրույքաչափով և արդեն տեսնում են, թե օրենքի կիրառումը ինչ խնդիրներ է առաջացնում: «Մենք առաջարկում ենք, որ շրջանառության հարկի մասին օրենքը լինի 1 տոկոս, եթե մարդը հնարավորություն ունի փաստաթղթավորվելու և մնա հին օրենքը՝ 3,5 տոկոս շրջանառությամբ։ Ձեռնարկատերը թող ինքը որոշի` ինչպես աշխատել: Նամակը հանձնելուց հետո կսպասենք կառավարության պատասխանին, որից հետո էլ կորոշենք հետագա քայլերը»,- առաջարկեց վերջինս:
Սոսե Չանդոյան