ԱՄՆ բժիշկների 22 հոգանոց խումբը բժշկական օգնություն կցուցաբերի ՀՀ գյուղերի բնակչությանը
ՀասարակությունՖրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի գլխավորությամբ հոկտեմբերի 4-15-ը ԱՄՆ-ից Հայաստան կժամանի բժիշկների և ատամնաբույժների 22 հոգանոց խումբը: Այն բժշկական օգնություն կցուցաբերի Հայաստանի գյուղերի և փոքր քաղաքների բնակչությանը և վերապատրաստման դասընթացներ կանցկացնի հայ բժիշկների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Fresno Bee ամերիկյան կայքը, ԱՄՆ-ից ժամանած մասնագետները ՀՀ-ում կանցկացնեն սիմպոզիում, որի ժամանակ կցուցադրվեն առողջապահության ոլորտի վերջին տեխնոլոգիաները:
Խումբն իր հետ կբերի իրենց բժշկական պարագաները, սարքավորումները և թարգմանիչներ: Առաջին ինն օրը նրանք բժշկական և ատամնաբուժական օգնություն կցուցաբերեն փոքր քաղաքների բնակիչների, իսկ վերջի երեք օրը վերապատրաստման դասընթացներ կկազմակերպեն տեղի բժիշկների և բուժանձնակազմի համար:
Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոսը ծրագիրն իրականացնելու համար համագործակցել է ՀՀ առողջապահության նախարարության և առողջապահության ոլորտի Ֆրեզնոյի տարբեր մասնագետների հետ: «Ես հպարտ եմ իմ համայնքով և ոչ միայն հայերով, առաքելությանը մասնակցող բժիշկների մեծ մասը հայեր չեն»,- ասել է Աբգարյանը:
Առաքելությունը կֆինանսավորվի մասնավոր նվիրատվությունների շնորհիվ: Որոշ բժիշկներ այդ ընթացքում ստիպված կլինեն փակել իրենց մասնավոր կլինիկաները ԱՄՆ-ում: