Վարդենիսի բնակիչը մեղադրվում է ամուսնության նպատակով աղջկա առեւանգելու եւ 3 օր ապօրինի պահելու համար
Հասարակությունnews.am-ը գրում է.
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ Խորեն Ասատրյանը դատարանի առջեւ է կանգնել ամուսնության նպատակով աղջկա առեւանգելու մեղադրանքով։
Ըստ մեղադրական եզրակացության` 23–ամյա Խորեն Ասատրյանը համաքաղաքացուհի, 20–ամյա Ք.Պ.–ին առևանգելու հարցի շուրջ նախնական համաձայնություն է ձեռք բերել իր ընկերների՝ Արամայիս Շհոյանի եւ Արմեն Ռաֆիկի Մնացականյանի հետ։
2015թ. մարտի 26-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, Արմեն Մնացականյանին պատկանող, նրա կողմից վարած «LEXUS GX470» մակնիշի ավտոմեքենայով ընկերները գնացել են աղջկա հորը պատկանող բնակարանի մոտ: Արմեն Մնացականյանը մնացել է ավտոմեքենայի մեջ՝ ղեկի մոտ նստած, իսկ Խորեն Ասատրյանը և Արամայիս Շհոյանը մոտեցել են տանը, որի մուտքի դուռը ներսից բանալիով փակված է եղել, թակել են դուռը, և երբ աղջկա անչափահաս եղբայրը բացել է այն, տղայի կամքին հակառակ ապօրինի մուտք են գործել բնակարան, որը զուգորդվել է անչափահաս տղայի նկատմամբ բռնություն գործադրելով, ապա Ք.Պ.–ի ձեռքից քաշելով` դուրս են բերել բնակարանից և նստեցրել ավտոմեքենան:
Ք.Պ.–ին տեղափոխել են Երևան քաղաքի Նարեկացու 40 շենքի 46 հասցեում գտնվող բնակարան, որտեղ Խորեն Ասատրյանը նրան պահել է մինչև 2015թ. մարտի 29-ին, որից հետո աղջկա հայրը դստերը վերադարձրել է իրենց տուն:
Խորեն Ասատրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 147-րդ հոդվածի 2-րդ մասով: Դատական գործը քննվում է Գեղարքունիքի մարզի Մարտունու նստավայրի առաջին ատյանի դատարանում։