«Էյր Արմենիա»-ի տնօրեն Արսեն Ավետիսյանի ծեծի առնչությամբ ոստիկանությունը կատարում է հետաքննություն
ՀասարակությունԷյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության 51 տոկոսի սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանի ծեծի ենթարկելու վերաբերյալ Ոստիկանության Նոր Նորքի բաժնում կատարվում է հետաքննություն: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:
«Հետաքննությունն իրականացվում է Արսեն Ավետիսյանի կնոջ` Իզաբելլա Մելքումյանի ներկայացրած դիմումի և «Արամյանց» բժշկական կենտրոնի ահազանգի հիման վրա», - տեղեկացրեց Արմեն Մալխասյանը:
«Արամյանց» բժշկական կենտրոնից«Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ օգոստոսի 15-ի երեկոյան իրենց դիմած Արսեն Ավետիսյանի մոտ ախտորոշել են քթոսկրի կոտրվածք, սալջարդ, ինչպես նաև գլխուղեղի ցնցում: Սակայն գլխուղեղի ցնցման աստիճանը որոշելու համար տուժածին տեղափոխել են «Հերացի» №1 հիվանդանոցային համալիր՝ նյարդաբանի զննան համար:
«Ներկայում հիվանդի վիճակը կայուն բավարար է: Մոտակա մի քանի օրերի ընթացքում Արսեն Ավետիսյանը դուրս կգրվի», - տեղեկացրեց «Հերացի» №1 հիվանդանոցային համալիրի դիմածնոտային բաժնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Գևորգյանը:
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Արսեն Ավետիսյանին ծեծի են ենթարկել օգոստոսի 15-ին` 18:00-ից 19:00-ն ընկած ժամանակահատվածում Ֆուտբոլի ֆեդերացիայի լողավազանի սրճարանում, ուր նախապես ունեցած պայմանավորվածության համաձայն այցելել էր Ավետիսյանը և հանդիպել Ռուբեն Հայրապետյանին: Ավետիսյանի նկատմամբ լողավազանի հարակից տարածքում կիրառվել է ֆիզիկական ուժ: