Վարչապետը հանձնարարեց պատշաճ կերպով կազմակերպել սեպտեմբերի 1-ի միջոցառումները
ՀասարակությունՀՀ կառավարության օգոստոսի 18-ի նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին և հանրապետության մարզպետներին հանձնարարեց իրականացնել անհրաժեշտ բոլոր միջոցառումները սեպտեմբերի 1-ը պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:
«Սեպտեմբերի 1-ը` Գիտելիքի օրը, տոնական է բոլորիս համար: Այդ օրը դպրոց են հաճախելու բազմաթիվ առաջին դասարանցիներ, ուստի անհրաժեշտ է , որպեսզի իրականացվեն բոլոր միջոցառումները տոնական օրը պատշաճ անցկացնելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց կառավարության ղեկավարը:
Սեպտեմբերի 1-ին կառավարության բոլոր անդամները կայցելեն հանրապետության տարբեր ուսումնական հաստատություններ և այդ օրը կանցկացնեն դպրոցականների հետ: