Քաղաքացիական օրենսգրքի փոփոխությամբ կներդվեն սերվիտուտի և ուզուֆրուկտի ինստիտուտները
ՀասարակությունՀՀ արդարադատության նախարարության կայքում հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում գույքի սեփականատիրոջ և սեփականատեր չհամարվող անձանց իրավունքների տարանջատման և հստակեցման անհրաժեշտությամբ: Գործող ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները նախատեսում է նույն գլուխներում: Նախագծով նախատեսվում է առանձին գլուխներով նախատեսել սեփականատիրոջ գույքային իրավունքները և սեփականատեր չհանդիսացող անձանց գույքային իրավունքները:
Բացի այդ, նախագծով ՀՀ քաղաքացիական օրենսդրության մեջ նախատեսվում է ներդնել գույքի սեփականատեր չհանդիսացող անձի՝ իրային իրավունքի առանձնահատուկ տեսակ՝ անձնական սերվիտուտ (ուրիշի գույքի նկատմանբ սահմանափակ օգտագործման իրավունք), ներառյալ՝ ուզուֆրուկտը (ուրիշի գույքն տիրապետելու և օգտագործելու իրավունք):
Նախարարությունը կարևորում է բոլորի մասնակցությունը օրենքները բարելավելու հարցում և ակնկալում առաջարկություններ ու մեկնաբանություններ ներկայացված նախագծի շուրջ: