Պետական մեղադրողը պահանջել է Հայկ Կյուրեղյանին դատապարտել 14 տարվա ազատազրկման
ՀասարակությունԿենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում օգոստոսի 25-ին տեղի ունեցավ Շանթ Հարությունյանի դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում ոստիկանների ուղղությամբ կրակելու և մի քանի ոստիկանի վիրավորելու մեջ մեղադրվող Հայկ Կյուրեղյանի դեմ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում մեղադրական ճառով հանդես եկավ մեղադրող Հարություն Սարգսյանը. պետական մեղադրողը պ ահանջեց Հայկ Կյուրեղյանին դատապարտել 14 տարվա ազատազրկման:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նիստը նախագաhում էր դատավոր Արմեն Բեկթաշյանը:
Ամբաստանյալ Հայկ Կյուրեղյանը կրկին չէր մասնակցում դատական նիստին, քանի որ դատարանի որոշմամբ՝ տասը ժամով հեռացվել էր նիստերի դահլիճից` դատարանի նկատմամբ անհարգալից պահվածք դրսևորելու համար։
Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը կայանալու է սեպտեմբերի 11-ին ժամը 11:00-ին:
2014 թվականի հունիսի 12-ին մեկնարկած Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում, որի ընթացքում Հայկ Կյուրեղյանը կանգնել էր մեքենայի վրա և օդամղիչ ատրճանակից կրակել էր ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Հայկ Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ) և 316-րդ հոդվածի 4-րդ մասի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հատկանիշներով: