Այս տարի բնակարանամուտը կտոնի 130 զինծառայող
ՀասարակությունՀայկական զինված ուժերում ծառայող զինվորների բնակարանային վիճակը բարելավելու նպատակով այս տարի ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ մինչեւ տարեվերջ Ագարակ եւ Վանաձոր քաղաքներում շահագործման կհանձնվի 56 բնակարանով եւս երկու շենք:«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացրին, որ զինվորների բնակարանային վիճակը բարելավելու խնդիրը շարունակում է մնալ նախարարության ուշադրության կենտրոնում եւ յուրաքանչյուր տարի որոշակի գումար է հատկացվում այդ խնդրի լուծման համար:
«Այս տարի զինծառայողների բնակարանների նորոգման եւ կառուցման համար նախատեսվում է հատկացնել 228.1 միլիոն դրամ գումար: ՀՀ ՊՆ-ն 2015թ. հունվար-հուլիս ամիսներին 74 զինծառայողի արդեն ապահովել է բնակարաններով: Մինչեւ տարեվերջ նախատեսվում է ծառայողական բնակարանով ապահովել եւս 56 զինվորականի: 2015թ. ընթացքում ծառայության անցկացման վայրում ծառայողական բնակարանների բացակայության դեպքում զինծառայողների վարձակալած բնակարանների դիմաց 840 զինծառայողի տրվել է դրամական փոխհատուցման թույլտվություն, ինչը գործող կարգի համաձայն համարժեք է ծառայողական բնակարանով ապահովելուն»,- ասացին նախարարությունից` շեշտելով, որ բնակարանները զինծառայողներին հատկացվում են` հիմք ընդունելով զինծառայողների բնակարանային հաշվառման մեջ ընդգրկվելու ամսաթիվը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ