Մայր Աթոռը լույս է ընծայել նոր աշխատություն
ՀասարակությունՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Վահրամ եպիսկոպոս Մանկունու «Գէորգ Դ. և իւր ժամանակը (1812-1882)» երկը, որ նախապես հրատարակվել էր Փարիզում «Վեմ» ամսագրի 1933-1937թթ. համարներում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, գիրքը նվիրված է Հայոց եկեղեցու ամենանշանավոր դեմքերից Ամենայն Հայոց Գևորգ Դ. Կոստանդնապոլսեցի կաթողիկոսին (1866-1882թթ.): Ժամանակի իրադարձություններին քաջատեղյակ և շատ հաճախ անմիջական մասնակից Վահրամ եպիսկոպոսն այս ուսումնասիրությամբ ոչ միայն ներկայացնում է Գևորգ Դ. Կաթողիկոսի ստույգ կենսագրությունը, այլև տվյալ ժամանակաշրջանի Հայոց եկեղեցու վավերական պատմությունը:
Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման 140-ամյակին նվիրված այս հրատարակությունը աշխատասիրել և ծանոթագրել է Գևորգյան ճեմարանի դասախոս պ.գ.թ., դոցենտ Պետրոս Հ. Հովհաննիսյանը:
Գիրքը տպագրվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ: