Պաշտպանական բնագավառում հայ-իտալական հարաբերությունները թևակոխել են նոր փուլ. Սեյրան Օհանյանը
ՀասարակությունՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օգոստոսի 26-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջիովաննի Ռիչուլիին և ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Մասսիմո Ֆոգարիին (նստավայրը քաղաք Մոսկվա)` վերջինիս Հայաստանում հավատարմագրման կապակցությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սեյրան Օհանյանը շնորհավորել է բրիգադի գեներալ Մասսիմո Ֆոգարիին Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ՝ նշելով, որ պաշտպանական բնագավառում հայ-իտալական հարաբերությունները Լիբանանում ՄԱԿ-ի առաքելության իտալական զորախմբի կազմում տեղակայելուց և համագործակցությունն ամենամյա պլանավորման ձևաչափով իրականացնելուց հետո թևակոխել են նոր փուլ: Սեյրան Օհանյա նը նաև տեղեկացրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստ է ավելացնել Լիբանանում տեղակայված հայ խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմի քանակը` հաշվի առնելով հայ և իտալացի խաղաղապահների միջև համատեղ ծառայության արդեն իսկ առկա փորձը:
Դեսպանը նշել է, որ իտալական կողմը բարձր է գնահատում համագործակցության ներկայիս մակարդակը և պատրաստ է համագործակցության էլ ավելի ընդլայնմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցության ներկայիս ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող այլ հարցեր: